Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

08.07.2024

Հուլիսի 8-ին կայացած հերթական խորհրդակցությունը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն սկսեց լավ լուրով։
Մարզպետը տեղեկացրեց, որ ՀՀ Վարչապետի և ՀՀ առողջապահության նախարարի աջակցությամբ առաջիկայում Գավառի բժշկական կենտրոնը կհամալրվի նոր համակարգչային տոմոգրաֆիա սարքով (KT), ինչը հնարավորություն կտա տարածաշրջանի ազգաբնակչությանը մատուցել պատշաճ և ժամանակակից բժշկական ծառայություն։
Խորհրդակցության ընթացքում այնուհետև քննարկվեցին մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման և ընթացքի, մարզում այլ գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի, մարզի 53 դպրոցներում լաբորատոր սենյակների վերանորոգման, Վարդենիսի նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման համար հողհատկացման, «Կարմիր խաչի» ընկերության կողմից Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրում բուժակ-մանկաբարձական կետի կառուցման, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում կրթահամալիրների կառուցման համար հողհատկացումների հետ կապված հարցեր։
Մարզպետը հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում ապաստանած այն ընտանիքներին, որոնք ընդգրկված են «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի» առաջին փուլում, որպեսզի այդ ընտանիքները հնարավորություն ունենան ծրագրից օգտվել ժամանակին և առանց խոչընդոտների։
Խորհրդակցության ընթացքում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները մարզպետի կողմից ստացան այլ հանձնարարականներ ևս։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02