Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սևանա լճում մեկնարկեց լողասեզոնը

02.07.2024

Հուլիսի 1-ից, Գեղարքունիքի մարզում լողասեզոնի մեկնարկի հետ կապված, քաղաքացիների անվտանգության և հասարակական կարգի ապահովման նպատակով ՀՀ ՆԳՆ Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում և առափնյա հատվածում անցել են ուժեղացված ծառայության:
Այդ առիթով Սևանի հանրային լողափերից մեկում Ջրային պարեկային և Փրկարար ծառայության անձնակազմերին հանդիպեց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ՆԳ նախարարության ղեկավար կազմը, «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Կարեն Մնացականյանը։
Անփորձանք ծառայություն մաղթելով պարեկներին ու փրկարարներին՝ Վահե Ղազարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց պատահարների, հանցագործությունների, իրավախախտումների դեպքերը կանխարգելելու, դրանք կանխելու միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ։
Նախարարը հորդորեց՝ ջրային պարեկ-փրկարար համագործակցված ու հետևողական ծառայությամբ առավելագույնս ջանք գործադրել հանգստացողների և զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Վահե Ղազարյանը և Կարեն Սարգսյանը տեղում ծանոթացան ծառայության տեխնիկական համալրվածությանն ու հագեցվածությանը, մասնավորապես՝ լողամիջոցներին, անօդաչու թռչող սարքերին:
Ջրային պարեկները ծառայություն են իրականացնելու նաև Սևանա լճի հարակից ճանապարհներին։
Նոր լողասեզոնի բացմանը և Ջրային պարեկային ու փրկարար ծառայությունների հետ համագործակցությանն անդրադարձավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Հանրային լողափերում լողասեզոնի ընթացքում գործելու են նաև բուժկետեր՝ իրականացնելով անհրաժեշտ բուժսպասարկում։ Մենք մշտապես համագործակցելու ենք ՀՀ ՆԳՆ Ջրային պարեկային ու Փրկարար ծառայությունների, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ ապահովելով անվտնագ լողասեզոնի կազմակերպումը ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր լողափերում։
Արվելու է հնարավորը, որպեսզի լողասեզոնն անցնի հավուր պատշաճի, առանց ավելորդ միջադեպերի, կարգուկանոնի խախտման, հաճելի ժամանցի պայմաններում, անվտնագության բարձրակարգ ապահովմամբ»,-նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52