Նորություններ
Իզերի մարզի գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչները հանդիպեցին մարզի ֆերմերային տնտեսությունների ղեկավարների հետ
02.07.2024
Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի ներկայացուցիչները, ովքեր Գեղարքունիքի մարզպետի հրավերով գտնվում են մարզում՝ աշխատակազմի աջակցությամբ հանդիպում ունեցան մարզի տարբեր համայնքապետարանների գյուղոլորտի ներկայացուցիչների, ֆերմերային տնտեսությունների ղեկավարիների հետ, որոնք զբաղվում են անասնաբուծությամբ, հացահատիկի և կարտոֆիլի արտադրությամբ, մեղվաբուծությամբ, ջերմոցային տնտեսությունների վարմամբ։
Ֆրանսիական պատվիրակության անդամները ցանկություն հայտնեցին՝ հանդիպման միջոցով ծանոթանալ մարզի գյուղոլորտում իրականացվող աշխատանքներին, ղեկավարման մեխանիզմներին և իրենց փորձով ու ներգրավմամբ աջակցել մարզի ֆերմերային տնտեսություններին։
Ֆերմերային տնտեսությունների ղեկավարները խոսեցին իրենց գործունեության ուղղությունների, կատարված ներդրումների ծավալների, արտադրանքի իրացման հնարավորությունների և աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրների մասին, անմիջական զրույց ծավալեցին ֆրանսիացի գործընկերների հետ՝ ակնկալելով ֆրանսիական կողմի աջակցությունը ինտենսիվ այգիների հիմնման, սառնարանային տնտեսությունների տեղադրման, ոլորտի տարբեր ճյուղերում ժամանակակից տեխնիկական հնարավորություններով ապահովելու հարցում։
Պայմանավորվածության համաձայն՝ Գեղարքունիքի մարզում գործող ֆերմերային տնտեսությունների գործունեությանն առավել մոտիկից ծանոթանալու նպատակով առաջիկա օրերին կկազմակերպվի ֆրանսիացի մասնագետների այցը տվյալ տնտեսություններ։
Զրույցի ընթացքում Իզերի մարզի գյուղատնտեսության պալատի ներկայացուցիչները խոսեցին նաև գյուղատնտեսության ոլորտի կրթական ծրագրերի մասին, հետաքրքրվեցին Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսական ոլորտը ներկայացնող կրթական հաստատությունների գործունեության և այնտեղ ուսումնասիրվող ծրագրերի մասին, կարևորեցին ստացած գիտելիքները մարզի գյուղատնտեսության ոլորտում կիրառելու հնարավորությունների ապահովումը, որից հետո նրանք հանդիպում - քննարկում ունեցան Գավառի գյուղատնտեսական քոլեջում։