Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում ներկայացվեց «Մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը»

27.06.2024

Հունիսի 27-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի սննդի անվտանգության վարչության պետ Մելանյա Կարապետյանը և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում ներկայացրին ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը» և ծրագրի միջոցառումների կատարման ժամանակացույցը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում հրավիրված հանդիպմանը մասնակցեցին բնակավայրերի վարչական ղեկավարներ, տնտեսավարողներ և անասնաբույժներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության ներկայացուցիչներ, մարզի համայնքապետարանների աշխատակազմերի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներ։
«Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով մանր եղջերավոր կենդանիների տեղաշարժի վերահսկումը և հետագծելիության բարելավումը, հոտի կառավարումը և տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծման գործընթացը, կայուն անասնահամաճարակային իրավիճակը և ոչխարաբուծության զարգացումը՝ այն մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։
Ծրագիրը մեկնարկելու է 2025 թվականին, որի ընթացքում համարակալվելու և հաշվառվելու է շուրջ 1 միլիոն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր եղջերավոր կենդանի»,-տեղեկացրին բանախոսները։
Նրանք միաժամանակ ընդգծեցին, որ կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացը ֆինանսական բեռ չի ավելացնելու գյուղացու կամ ֆերմերի համար ու կոչ արեց՝ գյուղատնտեսական կենդանիների հաշվառման գործընթացին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ ու աջակցել հաշվառման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները տեղեկացրին նաև անասնաբուծության ոլորտում գործող և նախատեսվող պետական օժանդակության այլ ծրագրերի մասին, պատասխանեցին մասնակիցների կողմից բարձրացված բազմաբնույթ հարցերին։
Կենդանիների հաշվառման և համարակալման ծրագիրն իրականացվելու է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին աջակցություն է տրամադրելու Ավստրիական զարգացման գործակալությունը՝ CARD հիմնադրամի միջոցով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52