Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայուն և դինամիկ զարգացող առողջապահական համակարգը մեր հայրենիքի ընդհանուր զարգացման հիմնական և կարևոր ուղղություններից է

21.06.2024

Մասնագիտական տոնի առթիվ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվեցին մի շարք բուժաշխատողներ:
Հունիսի 21-ին՝ Բուժաշխատողի օրվա առթիվ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց, շնորհավորեց և ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց մարզի տարբեր բուժհիմնարկների 18 բուժաշխատողների։
Մարզպետն իր խոսքում շնորհակալություն հայտնեց նրանց և կարևորեց բուժաշխատողների դերը ՝ հանրությանը մատուցած մասնագիտական գործունեությունը ամենայն պատասխանատվությամբ և որակյալ կազմակերպելու համար, ապա անդրադարձավ այն ծրագրերին, որոնք, պետական աջակցությամբ առաջիկայում կիրականացվեն մարզում, ի նպաստ որակյալ բուժծառայությունը մարզի բնակավայրերին ավելի մոտեցնելու քաղաքականությանը։
Ինչպես նշվեց, նախատեսվող ծրագրերի շրջանակներում կկառուցվեն և կվերանորոգվեն Վարդենիսի բժշկական կենտրոնը, Մարտունու ծննդատան նոր մասնաշենքը, Գավառի պոլիկլինիկայի շենքը, Լճափի, Դպրաբակի, Ծակքարի և Դդմաշենի բուժամբուլատորիաները, իսկ առաջնային օղակների վերամիավորման արդյունքում կիրականացվեն նաև դրանք ժամանակակից տեխնիկայով, սարքավորումներով և տրանսպորտային միջոցներով վերազինելու աշխատանքներ։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողի օրվա առթիվ.
«Սիրելի բուժաշխատողներ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ:
Սա ևս մեկ առիթ է՝ անդրադառնալու ձեր դժվարին և պատասխանատու աշխատանքին, արժևորելու այն ջանքն ու եռանդը, որ բժիշկը ներդնում է յուրաքանչյուր հիվանդի ապաքինման գործում:
Այն ժամանակը, որը դուք տրամադրում եք կարիքավորներին ձեր բարությամբ, գթասրտությամբ, անսահման ուշադրությամբ՝ անգնահատելի է:
Առանձնահատուկ կցանկանայի շնորհավորել այն բուժաշխատողներին, որոնք այս տոնական օրը վիրասրահներում են, շտապօգնության մեքենաներում, հիվանդի մահճակալի կողքին։
Վստահ եղեք, որ մենք գնահատում ենք ձեր շնորհակալ աշխատանքն ու շարունակելու ենք, պետության հնարավորությունների մեծացմանը զուգահեռ, բարելավել թե ձեր աշխատանքի պայմանները, թե լուծել առողջապահության ոլորտի աշխատողների առաջ ծառացած խնդիրները:
Բոլորին մաղթում եմ ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ պատասխանատու, նվիրական գործում:
Կայուն և դինամիկ զարգացող առողջապահական համակարգը մեր հայրենիքի ընդհանուր զարգացման հիմնական և կարևոր ուղղություններից է»:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52