Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Մարտունի համայնքում վերաբնակված անձանց հետ

13.06.2024

Հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանի նիստերի դահլիճում հանդիպում ունեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցեցին նաև Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ՀՀ միասնական սոցիալական ծառայության Մարտունու տարածքային կենտրոնի տնօրեն Զոհրաբ Շահինյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային վարչության պետ Վանիկ Հարությունյանը, առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ։
Հանդիպման սկզբում Մարտունի համայնքում վերաբնակություն հաստատած արցախցիներին ՀՀ կառավարության կողմից հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները ներկայացրին ՀՀ Միասնական սոցիալական ծառայության Մարտունու տարածքային կենտրոնի տնօրեն Զոհրաբ Շահինյանը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Այս ծրագրի ընդունմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներն առաջիկա մի քանի տարիների ընթացքում կկարողանան լուծել իրենց բնակարանային խնդիրները բացառապես պետական միջոցներով, առանց տրամադրված գումարների վերադարձի։
Ծրագիրը կընթանա մի քանի փուլերով և սահմանված գոտիականությամբ։
Մարտունի համայնքի բնակավայրերի համար, որոնք ընդգրկված են երրորդ գոտում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար կտրամադրվի 3 միլիոն դրամ։
Ցանկության դեպքում Մարտունի համայնքում վերաբնակված արցախցիները կարող են ծրագրից օգտվելու վայր ընտրել բոլոր այն բնակավայրերում, որոնք ընդգրկված են առաջին և երկրորդ գոտիներում։
Առաջին գոտում ընդգրկված բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար յուրաքանչյուր շնչին տրամադրվում է 5, երկրորդ գոտում ընդգրկված բնակավայրերի համար` 4 միլիոն դրամ։
Կառավարության որոշմամբ սահմանված են նաև ծրագրով հատկացված գումարի դրական մնացորդի ծախսման ուղղությունները, որոնք օգտագործվելու են հողամասի ձեռքբերման, բնակարանի նորոգման ու կահույքի, այլ կենցաղային իրերի ձեռքբերման նպատակով։
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից։
Ծրագրի մաքսիմալ արժեքը կազմում է 55 միլիոն դրամ։
Ծրագրից օգտվելու համար շահառուներին կտրվի բնակարանի ձեռքբերման կամ կառուցման սերտիֆիկատ։
Ծրագրի իրազեկումից հետո Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվել ցանկացող արցախցի ընտանիքների ներկայացուցիչները իրենց հետաքրքրող բազմաբնույթ հարցերն ուղղեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին` ստանալով անհրաժեշտ պատասխաններ և պարզաբանումներ ծրագրի բաղադրիչների, նրանից օգտվելու մանրամասների վերաբերյալ։
Մարզպետը կոչ արեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչներին` մնալ, ապրել և աշխատել Մարտունիում կամ Գեղարքունիքի մարզի այլ համայնքներում։
«Իմ հորդորն է ձեզ` մնալ, ապրել ու աշխատել Մարտունիում կամ մեր մարզի այլ բնակավայրերում։ Մեր մարզում կան բավարար աշխատատեղեր, դուք կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որտեղ ձեզ կառաջարկեն համապատասխան աշխատանք»,-հանդիպումն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52