Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գավառ համայնքում վերաբնակված անձանց հետ

12.06.2024

Հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան Արվեստի դպրոցի դահլիճում հանդիպում ունեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցեցին նաև Գավառի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ միասնական սոցիալական ծառայության Գավառի տարածքային կենտրոնի տնօրեն Արտաշ Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային վարչության պետ Վանիկ Հարությունյանը, առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Հանդիպման սկզբում Ջանիկ Բազեյանը Գավառ համայնքում վերաբնակություն հաստատած արցախցիներին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները, շեշտելով, որ այս ծրագրի ընդունմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներն առաջիկա մի քանի տարիների ընթացքում կկարողանան լուծել իրենց բնակարանային խնդիրները բացառապես պետական միջոցներով, առանց տրամադրված գումարների վերադարձի։
Ծրագիրը կընթանա մի քանի փուլերով և սահմանված գոտիականությամբ։
Գավառ համայնքի բնակավայրերի համար, որոնք ընդգրկված են առաջին գոտում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար կտարամդրվի 3 միլիոն դրամ։
Ցանկության դեպքում Գավառ համայնքում վերաբնակված արցախցիները կարող են ծրագրից օգտվելու վայր ընտրել բոլոր այն բնակավայրերում, որոնք ընդգրկված են երկրորդ և երրորդ գոտիներում։
Երկրորդ գոտում ընդգրկված բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար յուրաքանչյուր շնչին տրամադրվում է 4, երրորդ գոտում ընդգրկված բնակավայրերի համար` 5 միլիոն դրամ։
Կառավարության որոշմամբ սահմանված են նաև ծրագրով հատկացված գումարի դրական մնացորդի ծախսման ուղղությունները, որոնք օգտագործվելու են հողամասի ձեռքբերման, բնակարանի նորոգման ու կահույքի, այլ կենցաղային իրերի ձեռքբերման նպատակով։
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից։
Ծրագրի մաքսիմալ արժեքը կազմում է 55 միլիոն դրամ։
Ծրագրից օգտվելու համար շահառուներին կտրվի բնակարանի ձեռքբերման կամ կառուցման սերտիֆիկատ և հիպոթեքային վարկավորում։
Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվել ցանկացող ընտանիքների ներկայացուցիչները հանդիպման ընթացքում իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսներին` ստանալով անհրաժեշտ պարզաբանումներ ծրագրի բաղադրիչների, նրանից օգտվելու մանրամասների վերաբերյալ։
ՀՀ կառավարություն 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52