Նորություններ
Գեղարքունիքի մարզում մեկնարկել են սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները
05.06.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մայիսի 7-ի համապատասխան հրամանով 2024 թվականի հունիսի 4-ից հանրակրթական դպրոցներում մեկնարկել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները։
Նախատեսված է 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները սկսել և ավարտել հունիսի 6-19-ն ընկած ժամանակահատվածում, 9-րդ դասարանի ավարտական քննությունները՝ հունիսի 4-17-ն ընկած ժամանակահատվածում, իսկ 4-րդ դասարանի գիտելիքների ստուգումը՝ հունիսի 7-11-ն ընկած ժամանակահատվածում։
12-րդ դասարանի շրջանավարտները պետական ավարտական քննություններ կհանձնեն 3 առարկաներից, 9-րդ դասարանցիները՝ 6 առարկաներից, 4-րդ դասարանցիների գիտելիքները կստուգվեն 2 առարկաներից։
Գեղարքունիքի մարզում 12-րդ դասարանի շրջանավարտների թիվը 1509 է, որից 1106-ը հաճախում են մարզային ենթակայության, իսկ 403-ը՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ։
9-րդ դասարանի շրջանավարտների թիվը մարզում 2671 է, որից 2640-ը հաճախում են մարզային ենթակայության, իսկ 31-ը՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ։
Մարզում 12-րդ դասարանի շրջանավարտների ամենամեծ թիվը գրանցվել է Ծովինարի և Լիճքի միջնակարգ դպրոցներում՝ 49-ական աշակերտ, իսկ 9-րդ դասարանի շրջանավարտների ամենամեծ թիվը՝ Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ 127 աշակերտ։
12-րդ դասարանի շրջանավարտներ չունեն Գեղարքունիքի մարզի Ախպրաձորի, Այրքի և Կախակնի միջնակարգ, իսկ 9-րդ դասարանի շրջանավարտներ չունեն՝ Գեղարքունիքի մարզի Նորատուսի թիվ 3, Կալավանի միջնակարգ և Ազատի հիմնական դպրոցները։