Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում ունեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վարդենիս համայնքում վերաբնակված անձանց հետ

29.05.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում հանդիպում ունեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վարդենիս համայնքում վերաբնակված ընտանիքների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի և Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմերի ստորաբաժանումների ղեկավարներ, շահագրգիռ այլ կառույցների պատասխանատու աշխատակիցներ։
Բացելով հանդիպումը` Կարեն Սարգսյանը Վարդենիսում վերաբնակություն հաստատած արցախցիներին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները, շեշտելով, որ այս ծրագրի ընդունմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքները հնարավորություն կունենան` առաջիկա տարիների ընթացքում լուծելու իրենց բնակարանային խնդիրները բացառապես պետական միջոցներով։
Ծրագիրը կիրականանա մի քանի փուլերով և սահմանված գոտիականությամբ։
Երրորդ գոտում, որտեղ ընդգրկված են մարզի 39 բնակավայրեր, բնակարան ձեռք բերել կամ կառուցել ցանկացող ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետությունից աջակցություն կստանա 5 միլիոն դրամի չափով։
Երկրորդ գոտում ընդգրկված բնակավայրերում (թվով 15 բնակավայր) բնակարան ձեռք բերել կամ կառուցել ցանկացող ընտանիքի յուրաքանչյուր անդամի կտրվի 4 միլիոն դրամ։ Մարզի մնացած բնակավայրերի համար, որոնք ընդգրկված են առաջին գոտում՝ 3 միլիոն դրամ։
Կառավարության որոշմամբ սահմանված են նաև ծրագրով հատկացված գումարի դրական մնացորդի ծախսման ուղղությունները, որոնք օգտագործվելու են հողամասի ձեռքբերման, բնակարանի նորոգման ու կահույքի, այլ կենցաղային իրերի ձեռքբերման նպատակով։
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից։
Ծրագրի մաքսիմալ արժեքը կազմում է 55 միլիոն դրամ։
Ծրագրից օգտվելու համար շահառուներին կտրվի բնակարանի ձեռքբերման կամ կառուցման սերտիֆիկատ և հիպոթեքային վարկավորում։
Ծրագրի շուրջ պարզաբանումներ տվեցին նաև ՀՀ միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի տարածքային կենտրոնի տնօրեն Ռուզաննա Գինոսյանը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվել ցանկացող ընտանիքների ներկայացուցիչները հանդիպման ընթացքում իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Գեղարքունիքի մարզպետին և մյուս բանախոսներին` ստանալով անհրաժեշտ պարզաբանումներ ծրագրի բաղադրիչների, նրանից օգտվելու մանրամասների վերաբերյալ։
<<Իմ հորդորն այն է, որ դուք մնաք, տներ ձեռք բերեք կամ կառուցեք մեր մարզում, ապրեք լիարժեք կյանքով ու ստեղծագործ աշխատանքով։ Առաջացած ցանկացած հարցի պարզաբանման համար դիմեք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ, համայնքապետարան և Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ>>,-հանդիպման ավարտին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին դիմեց մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52