Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի թիմի ղեկավարներին

24.05.2024

Մայիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի թիմի արդեն նախկին ղեկավար Քրիստիան Հենշելին, նույն ծրագրի թիմի ղեկավար Օլգա Վայգելին, մասնավոր հատվածի զարգացման ֆինանսական կառավարիչ Նիկոլինա Միյատովիչ Գերբային, «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրի ղեկավար Ալեքսանդր Առաքելյանին, նույն ծրագրի խորհրդատուներ Էդգար Փիրումյանին, Հովիկ Սայադյանին և Վարազդատ Սարգսյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի ընթացքը, մինչ այժմ իրականացված աշխատանքները, առաջիկա անելիքները և հրատապ ու առաջնահերթ խնդիրները, համագործակցության հիմնական ուղղությունները։
Ծրագրի բաղադրիչների ղեկավարները Գեղարքունիքի մարզպետին ներկայացրին իրականացված աշխատանքները, ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, դրանց կարգավորման միջոցներն ու հնարավորությունները։
Խոսվեց Գավառում կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանի հզորացման, կոյուղաջրերի մաքրման, կենցաղային աղբի կառավարման, «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի շրջանակներում Ծովինարում հիմնված ագրոանտառի հետագա կառավարման, առաջնահերթ այլ հարցերի մասին։
Ծրագրի թիմի Ղեկավար Քրիստիան Հենշելը նշեց, որ սա իր վերջին հանդիպումն է այս պաշտոնում, և որ իրեն փոխարինում է Օլգա Վայգելը։ Նա միաժամանակ շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին ու Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնեց, որ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագիրն, իր բոլոր բաղադրիչներով հանդերձ, կհասցվի ավարտի ու կտա իր սպասված արդյունքները։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Քրիստիան Հենշելին՝ համագործակցված ու արդյունավետ աշխատանքի համար ու հաջողություններ մաղթեց ծրագրի նորանշանակ ղեկավար Օլգա Վայգելին։
«Քրիստիան Հենշելին շնորհալալություն եմ հայտնում մեր համատեղ ու համագործակված աշխատանքի համար, ինչի արդյունքում մենք հասցրել ենք որոշակի ծրագրեր իրականացնել Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Միաժամանակ շնորհավորում եմ տիկին Վայգելին իր նոր պաշտոնում ու հույս հայտնում, որ Քրիստիան Հենշելի և նրա ղեկավարած ծրագրի շուրջ հավաքված աշխատանքային թիմն ի զորու է նոր ղեկավարի հետ առաջ տանելու ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, առաջ քաշելու նոր գաղափարներ, բնապահպանական նոր ծրագրեր՝ ի շահ Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի ջրային, կենդանական, բուսական ռեսուրսների պահպանության ու զարգացման»,-նշեց Կարեն Սարգսյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52