Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանին

24.05.2024

Մարզպետի հետ ունեցած հանդիպման ընթացքում «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանը ներկայացրեց 24 ամյա պատմություն ունեցող հասարակական կազմակերպության գործունեությունը՝ կրթության, առողջապահության, սոցիալական, հումանիտար, բնապահպանական և համայնքային զարգացման ոլորտներում։
Նրա խոսքով ծրագրերի իրականացման ընթացքում կարևորվել է բնակչության անմիջական ներգրավվածությունը տարբեր խնդիրների լուծման գործընթացներում, որն էլ իր նպաստն է ունեցել համայնքների զարգացման գործում բնակչության մասնակցային վարքի ձևավորման և նշված ոլորտներում խնդիրների արդյունավետ լուծման հարցերում։
«Մեր գործունեության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել բնակչության խոցելի խմբերին, նրանց սոցիալական վիճակի, հուզող խնդիրների բարելավմանը, զբաղվածության ապահովմանը։
Գործունեության հենց սկզբից մեր կազմակերպությունը հիմնել է մեծահասակների կրթության կենտրոն, որը տարեկան կրթական ծառայություններ է մատուցում 300-ից ավել շահառուի:
Հիմնել ենք Գեղարքունիքի մարզում բռնության ենթարկված կանանց աջակցման կենտրոն, որի միջոցով մեր տարբեր մասնագետները ծառայություններ են մատուցում տարեկան ավելի քան 100 շահառուի։
Աջակցություն է տրամադրվել և շարունակվում է տրամադրվել միայնակ ծերերին և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց։
ԱՄՆ ՄԶԳ-ի հետ Ճամբարակ համայնքում իրականացնում ենք «Համագործակցություն հանուն կայուն համայնքերի» քառամյա ծրագիրը, որի շրջանակներում համայնքային կառույցների ծառայություններն ավելի հասանելի դարձնելու նպատակով Ճամբարակի բոլոր վարչական կենտրոններին, համայնքապետարանին, 18 դպրոցներին և 3 մանկապարտեզներին տրամադրել ենք համակարգչային սարքավորումներ, իսկ Թթուջուր բնակավայրի մանկապարտեզին՝ էլեկտրոնային դաշնամուր։
Խոցելի խմբերին խոշոր հումանիտար աջակցություն է տրամադրվել հիգիենիկ պարագաների, սննդի փաթեթների, գրենական պիտույքների, կենցաղային պարագաների տեսքով։
Ձևավորվել է համագործակցային հարաբերություններ ՏԻՄ և համայնքային այլ կառույցների ներկայացուցիչների հետ։
Ճամբարակ համայնքում կազմակերպվել են կանանց վերապատրաստման և մասնագիտացման դասընթացներ, նրանց աշխատանքով ապահովելու նպատակով տրամադրել ենք անհրաժեշտ սարքավորումներ և տեղացիներին և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին»,- հավելեց ՀԿ նախագահը։
Ի թիվս այլ ծրագրերի, այս պահին ընթացքի մեջ է երկու թաքստոցի վերանորոգման և կահավորման աշխատանքները, հավելեց Անահիտ Գևորգյանը, ով անդրադառնալով առաջիկա անելիքներին, նշեց, որ նպատակ ունեն գործունեություն ծավալել նաև երեխաների զարգացման ոլորտում, որի իրկանացման հարցում ակնկալում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությունը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը իր երախտագիտությունը հայտնեց զրուցակցին՝ երկարամյա արդյունավետ գործունեության, մարզի համայնքներում բազմոլորտ ծրագրեր կյանքի կոչելու, բնակչության շրջանում սոցիալական խնդիրների մեղմման համար և պատրաստակամություն հայտնեց աջակցել նոր ծրագրերի իրականացմանը՝ իր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52