Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառ քաղաքում 2023 թվականին սուբվենցիոն 4 ծրագիր է իրականացվել

21.05.2024


Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2022-2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական 3 խաղահրապարակ, ավտոտրանսպորտային սպասարկման 2 կանգառ, ասֆալտապատմամբ հիմնանորոգվել Գրիգոր Նարեկացի և Կաբելագործների փողոցը, Դաշտոյան նրբանցքը։
Իրականացված սուբվենցիոն 4 ծրագրերի համար ներդրվել է 431 միլիոն 701 հազար 276 դրամ, որից 227 միլիոն 603 հազար 153 դրամը ՀՀ կառավարության, 204 միլիոն 98 հազար 123 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։
Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացի, Կաբելագործների փողոցների և Դաշտոյան նրբանցքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 239 միլիոն 671 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մարտ ամսից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցն ասֆալտապատվել է 480 գծամետր երկարությամբ և 3872 քառակուսի մետր մակերեսով։ 1700,6 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում է իրականացվել նաեւ մուտքերում և ուղիներում, բազալտե սալիկներով կառուցվել են 2528,2 քառակուսի մետր մակերեսով մայթեր, 1106 գծամետր երկարությամբ տեղադրվել են բազալտե եզրաքարեր։ Կառուցվել է նաև 474 մետր երկարության հեղեղատար-կոյուղի։
Դաշտոյան նրբանցքը ասֆալտապատվել է 421 մետր երկարությամբ, 3444 քառակուսի մետր մակերեսով։ Եվս 446,35 քառակուսի մետր կազմել են ասֆալտապատ մուտքերը և ուղիները, կատարվել է 45 խորանարդ մետր ծավալով գաբիոնային շարվածք։
Կաբելագործների փողոցում ասֆալտապատվել է 388 գծամետր երկարության և 2461 քառակուսի մետր մակերեսով ճանապարհ, 330 քառակուսի մետր մակերեսով մայթ, ճանապարհի երկայնքով մեկ տեղադրվել են բազալտե եզրաքարեր և ջրահեռացման երկաթբետոնյա վաքեր։
 Գավառ քաղաքի 11 փողոցների, Արծվաքար և Հացառատ թաղամասերի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 138 միլիոն 400 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիս ամսին և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի Հացառատ և Արծվաքար թաղամասերում, Միքայելյան, Ղամարյան, Սիրունյան, Սարինգուլյան, Չարենցի, Պետրոսյան, Դաշտոյան, Տոնոյան, Ազատության, Զորավար Անդրանիկ, Գրիգոր Նարեկացի փողոցներում կամ նրբանցքներում ու փակուղիներում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել՝ շուրջ 17,5 կիլոմետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 486 լուսատուների տեղադրմամբ։
Նշյալ թաղամասերի և փողոցների բնակիչներն արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։
2024 թվականին նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է Գավառ քաղաքում ընդլայնել արտաքին լուսավորության ցանցը՝ ԼԵԴ համակարգով աշխատող 167 լուսատուների տեղադրմամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 64 միլիոն դրամ։
 Գավառ քաղաքի Ազատության փողոցի, Արծվաքար և Հացառատ թաղամասերի մանկական խաղահրապարակների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 41 միլիոն 749 հազար 687 դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում մանկական խաղահրապարակ է կառուցվել Ազատություն փողոցի բազմաբնակարան շենքերի տարածքում, Արծվաքար և Հացառատ թաղամասերի մանկապարտեզների բակերում։ Տեղադրվել են մանկական խաղեր, մարզասարքեր, նստարաններ, անցկացվել է լուսավորություն, ցանկապատվել տարածքները։
Ծրագրի շահառու են հանդիսանում Գավառ քաղաքի Ազատություն փողոցի մի քանի բազմաբնակարան շենքերի, Հացառատ և Արծվաքար թաղամասերի մանկահասակ երեխաները։
Գավառի ավտոտրանսպորտային սպասարկման 2 կանգառների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 11 միլիոն 880 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերից և ավարտի հասցվել 2023 թվականի հոկտեմբերին։
Կանգառի տարածքի սալիկապատման աշխատանքների համար միջոցներ են հատկացվել Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեի միջոցներից։
Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պատմաճարտարապետական հուշարձանների լուսանկարային տաղավարով ավտոտրանսպորտային սպասարկման 2 կանգառ է կառուցվել է Գավառ քաղաքի Ազատություն փողոցի տարբեր հատվածներում։
Ծրագրի շահառու են հանդիսանում Գավառի Ազատություն փողոցի բնակիչները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52