Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան Մայիսիննյան հաղթանակներին նվիրված միջոցառումներ

09.05.2024

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ծաղիկներ խոնարհեց Գավառի Մեծ Հայրենականի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին։
Ծաղկեդրման արարողությանը մասնակցեցին նաև պատերազմի և աշխատանքի վետերան՝ Սարուխան գյուղի բնակիչ, 102-ամյա Մեխակ Ավետիսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ։
Այնուհետև ներկաները մասնակցեցին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված օրհնության կարգին և խաղաղության մաղթանքին։
Տոնական միջոցառումներ են տեղի ունեցել նաև Գեղարքունիքի մարզի մյուս համայնքների քաղաքային և գյուղական բնակավայրերում։
Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գեղարքունիքի մարզպետ մարզպետ Կարեն Սարգսյանը.
<<Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Այս տարի ամբողջ խաղաղասեր մարդկությունը տոնում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 79-ամյակը, որը մեծագույն իրադարձություն էր ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ մեր ժողովրդի կյանքում:
Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից սկսած հերոսական էջեր է բովանդակում հայ ժողովրդի պատմությունը, երբ ի պաշտպանություն հայրենիքի` այլ ժողովուրդների հետ մեկտեղ մեր ժողովուրդը ևս կրեց պատերազմի ամբողջ ծանրությունն ու դժվարությունը: Մեծ հաղթանակը ձեռք բերվեց նաև հայ ժողովրդի արժանավոր զավակների, հարյուր հազարավոր շարքային մարտիկների ու նշանավոր զորահրամանատարների` մարշալների, ադմիրալների, գեներալների, հարյուրից ավելի ԽՍՀՄ հերոսների, յոթ տասնյակ մարտական շքանշանակիրների ու մեդալակիրների անձնվիրության ու սխրագործության շնորհիվ:
Երկրորդ աշխարհամարտի գլխավոր դասերից մեկն այն է, որ այսօր էլ աշխարհի բոլոր ժողովուրդները, խաղաղ կամքի տեր մարդիկ պետք է միավորեն իրենց ուժերը մարդկությանն սպառնացող արդի վտանգների՝ բոլոր տեսակի բռնությունների, ազգային ու ռասայական խտրականության, պատերազմների, ցեղասպանությունների, ահաբեկչության և մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարում:
Հարգելի վետերաններ,
Ձեր՝ Մեծ հաղթանակը կերտած հերոս-վետերաններիդ, անձնվիրության և սխրանքի գնահատումը, խոնարհումը հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակի առջև, մեզ նաև պարտավորեցնում է արժանիորեն շարունակելու Հայոց անկախ պետականության ամրապնդման հայրենանվեր գործը՝ նոր հաղթանակներ տանելով տնտեսության մեջ, հզորացնելով մեր պետությունն ու բանակը:
Կրկին շնորհավորելով Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություններ: Ձեր սխրանքի շնորհիվ ձեռք բերված մեր փառապանծ հաղթանակները թող զորավիգ լինեն մեզ՝ մեր խաղաղ և հուսալի վաղվա օրը կերտելու գործում>>:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52