Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի

18.04.2024

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի տարածքում գտնվող Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոցի տարածքում նշանավորվել է տարածքի հնագիտական պեղումների մեկնարկով և պարգևատրման արարողությամբ։
Միջոցառումներին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, հանրակրթական դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, հնագետներ։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը պարգևատրել են «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի տեղեկացմամբ՝ մրցույթն ուղղված է պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը. այն ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացրել է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը:
Հայաստանից և արտերկրից 21 հայազգի մշակույթի գործիչներից կազմված հանձնաժողովի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը ներկայացնող «ՀԱՅելիցներ» թիմը՝ «Գեղարդ» տեսանյութով։
Այցի շրջանակում պատմական հուշարձանի՝ «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցի տարածքում տեղադրվել է տեղեկատվական ցուցանակ:
Միաժամանակ Բերդկունք ամրոցում պետական միջոցների հաշվին մեկնարկել են հնագիտական պեղումները։
Արշավախմբի ղեկավար, հնագետ Լուսինե Ալեքսանյանի տեղեկացմամբ՝ Բերդկունք ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․ II–I հազարամյակով, վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։
Ամրոցի դիրքն այնքան գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր` ամրակուռ ամրոց, որի անունով էլ այն կոչվում է «Սպիտակ բերդ»:
Հնագիտական պեղումները կշարունակվեն առաջիկա մեկուկես-երկու ամիսների ընթացքում, որից հետո կկազմվի ամրոցի վերականգնման նախագիծը։
Պեղումների աշխատանքներին այսօր մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզի դպրոցականներ՝ մոտիկից ծանոթանալով հնագիտական պեղումների նրբություններին, Բերդկունք ամրոցի պատմությանը և կառուցվածքին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի հավաստմամբ՝ Բերդկունք ամրոցն առաջիկայում պետական միջոցներով կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03