Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ կրթության տեսչության մարմնի ղեկավարին և ներկայացուցիչներին

17.04.2024

Ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանած ՀՀ կրթության տեսչության մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանին, հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանին և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարդուհի Պետրոսյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընթացիկ աշխատանքային, տեսչական մարմնի տարեկան ստուգումներին առնչվող հարցեր։
Վաղարշակ Մատիկյանը ներկայացրեց մարզի մի շարք դպրոցներում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները՝ հավելելով, որ 2024 թվականին նախատեսվում է տեսչական պլանային ստուգումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Աստղաձորի, Արծվանիստի, Գեղհովիտի թիվ 1, Երանոսի թիվ 1, Ծակքարի, Ծովակի, Ծովասարի, Ծովազարդի, Ջիլի, Վարսերի, Վանևանի,Սոթքի միջնակարգ, Սեմյոնովկայի հիմնական և Մեծ Մասրիկի տարրական դպրոցներում:
Կարևորելով կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ընթացքի մեջ գտնվող կամ առաջիկայում նախատեսված դպրոցաշինական մեծածավալ ծրագրերը և կրթության որակի բարելավմանն ուղղված քայլերը՝ Գեղարքունիքի մարզպետը հույս հայտնեց, որ առաջիկայում մարզում կրթության որակը էապես կբարձրանա։
«Միայն այն հանգամանքը, որ նախորդ ուսումնական տարում Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցները տվել են 7 Ոսկե մեդալակիր՝ 2022 թվականի 1 մեդալակրի փոխարեն, արդեն խոսում է կրթության որակի որոշակի բարելավման մասին, մանավանդ որ սրա կողքին էլ նկատելի է առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում գրանցված հաջողությունները և կամավոր ատեստավորման մասնակցած ուսուցիչների քանակական աճը։ Այդուհանդերձ, մենք ձեռք բերված արդյունքներով չենք բավարարվում ու մշտապես աշխատում ենք կրթության որակի շարունակական բարձրացման ուղղությամբ»,-նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը, միաժամանակ հավաստելով, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը ՀՀ կրթության տեսչության մարմնի հետ պատրաստ է մշտական համագործակցության ու պլանային ստուգումների ընթացքում պահանջվող համապատասխան աջակցության։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին կրթության ոլորտին վերաբերող մի շարք առանցքային ու առաջնահերթ լուծում պահանջող հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03