Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պետական աջակցությամբ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի հերթական իրազեկումը կազմակերպվեց Մարտունի համայնքում

17.04.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հանրային իրազեկման հերթական արշավը կայացավ ապրիլի 17-ին՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակչության ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Մարտունիում վերաբնակություն հաստատած հայրենակիցների հետ։
Հանդիպումն անցկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԱՍԱ վարչության սոցիալական ոլորտի և ՏԻՄ վարչության պատասխանատու աշխատակիցները, Մարտունու համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, վարչական ղեկավարներ, Մարտունու միասնական սոցիալական ծառայության, բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բանախոսները ներկայացրին բնակարանային մատչելիության ապահովման և բնակության պայմանների բարելավման ուղղությամբ գործող ծրագրի մանրամասները, որոնց շնորհիվ յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ մինչև 60 մլն դրամ անհատույց պետական աջակցություն, պատասխանեցին ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։
Այսպիսով՝
-Եթե ընտանիքը ցանկանում է բնակարան կառուցել սահմանամերձ որևէ բնակավայրում, ապա դիմում է բանկ կամ վարկային կազմակերպություն՝ տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստանալու համար։ Անհրաժեշտ պայմաններին բավարարելու պարագայում պետությունը հաստատում է ընտանիքին, տուն կառուցելու նպատակով, մինչև 16 միլիոն դրամ և տոկոսագումարը մարելու համար մինչև12,7 միլիոն դրամ աջակցություն տրամադրելու հայտը։
-Այսպիսով, անհատույց աջակցությունը կարող է կազմել մինչև 28,7 միլիոն դրամ։
-Եթե ընտանիքը որոշել է վերակառուցել իրենց տունը, ընդ որում տունը կարող է լինել թե նորակառույց և թե ոչ, վերանորոգման հարցում ևս պետությունը կօժանդակի էներգաարդյունավետ վերանորոգման աջակցության ծրագրով։ Այս դեպքում պետությունը կաջակցի վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման եղանակով։ Աջակցության չափը կարող է հասնել մինչև 5,7 միլիոն դրամի։ Հավելենք նաև, որ այս ծրագիրը գործում է ոչ միայն սահմանամերձ բնակավայրերում այլ Հայաստանի ամբողջ տարածքում։
-Նախորդ ծրագրի հետ համադրած՝ պետության աջակցության ծրագրի չափը կարող է կազմել մինչև 34,4 միլիոն դրամ։
-Իսկ եթե ընտանիքին անհրաժեշտ է ավելի շատ գումար և ստիպված է 16 միլիոն դրամից ավելի շատ հիփոթեքային վարկ վերցնել, պետությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրով կաջակցի նաև այդ ավել մասը մարելու հարցում։
Մասնավորապես, եթե ընտանիքում կա 2 անչափահաս երեխա, ապա պետությունը, որպես աջակցություն, կտրամադրի մինչև 1,5 միլիոն դրամ՝ հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար։
-Եթե ընտանիքը ծրագրին դիմելու պահին ունի 3 երեխա, ապա պետությունը մայր գումարի մարման համար կհատկացնի մինչև 2 միլիոն 250 հազար դրամ։
-Եթե ընտանիքը ծրագրին դիմելու պահին ունի 4 և ավելի երեխա, ապա 3 միլիոն դրամ՝ մայր գումարի մարման համար։
-Այն իրավիճակում, երբ ընտանիքը պատրաստվում է ունենալ նոր երեխաներ, ապա բացի նշված ծրագրերից, պետությունը նրանց կտրամադրի հավելյալ աջակցություն՝ նոր երեխայի ծնվելու դեպքում։
-Առաջին և երկրորդ երեխաների ծնվելու դեպքում պետությունը յուրաքանչյուր անգամ կհատկացնի մինչև 750 հազարական դրամ՝ հիփոթեքային գումարի մարման համար։
-Թվով 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդի դեպքում, յուրաքանչյուր անգամ պետությունը կհատկացնի մինչև 3 միլիոն դրամ՝ հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար։
-Կարևոր է իմանալ, որ ընտանիքը պայմանների բարելավման դեպքում կարող է միաժամանակ օգտվել վերոնշյալ աջակցության բոլոր ծրագրերից։
-Նախորդ ծրագրերի հետ համադրած՝ պետության աջակցության չափը կարող է կազմել մինչև 43, 4 միլիոն դրամ։
-Բնակարանային ապահովման ծրագրից զատ, պետությունը ընտանիքին առանձին աջակցություն կտրամադրի նաև երեխա ունենալու կապակցությամբ՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի տեսքով։
-Նպաստի չափը 1-ին և 2-րդ երեխայի դեպքում՝ 300 հազար դրամ է, 3-րդ և 4-րդ երեխայի համար՝ 1 միլիոն դրամ, իսկ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում տրամադրում է մինչև 1,5 միլիոն դրամ։
-Բացի միանվագ նպաստը, երեխա ունենալու դեպքում պետությունը ծնողին տրամադրում է նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ, որը արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար կազմում է ամսական 69 հազար դրամ ։
-Եթե օրինակ ծնվեն ընտանիքի 1-ին և 2-րդ երեխաները, ապա ընտանիքը պետությունից կարող է ստանալ մինչև 3 միլիոն դրամ խնամքի աջակցություն, իսկ եթե օրինակ ծնվեն 3-րդ և 4-րդ երեխաները, ապա բացի 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը, պետությունը նրանցից յուրաքանչյուրի հաշվով տրամադրելու է ամսական 50 հազար դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը։
-Այսպիսով, սահմանամերձ բնակավայրում տուն կառուցող, վերանորոգող ու երեխա ունեցող ընտանիքի հասանելի պետական աջակցությունը կարող է հասնել մինչև 56 միլիոն դրամի։
-Այն դեպքում, երբ ընտանիքի հայրը պայմանագրային զինծառայող է և սահմանամերձ բնակավայրում տուն կառուցելու համար հավելյալ հիփոթեքային վարկ է վերցրել, ապա պետությունը «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրի շրջանակներում կտրամադրի ևս 2,5 միլիոն դրամ՝ որպես կանխավճար ու 5 տոկոսային կետով կսուբսիդավորի վարկի տոկոսադրույքը։
-Այս ամենի հետ համատեղ, եթե ընտանիքի ամուսինները գրանցված աշխատողներ լինեն, ապա կարող են օգտվել նաև հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման աջակցությունից, ինչպես նաև կոմունալ վճարների մասնակի փոխհատուցման և անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցման արտոնություններից։
-Համադրելով նշված աջակցության ծրագրերը՝ պետական աջակցության ընդհանուր չափը մեկ ընտանիքին 5-6 տարվա ընթացքում, կարող է կազմել 60 միլիոն դրամ՝ առանց վերադարձնելու պայմանի։
Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52