Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Գավառ համայնքի շինհրապարակներում

17.04.2024

Ապրիլի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Բերդկունքի նորակառույց մանկապարտեզի և Գավառ-Գեղարքունիք մարզային նշանակության ավտոճանապարհի շինհրապարակներում։
Մշտադիտարկմանը մասնակցում էին նաև Գավառ համայնքի ղեկավարի տեղակալներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի շինարարության ոլորտի պատասխանատուներ։
Մշտադիտարկման առաջին կանգառը Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրում էր, որտեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականի ապրիլից մեկնարկել և ընթանում են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները։
Բերդկունքի մանկապարտեզի շենքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 450 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլից և, ըստ պայմանագրով սահմանված ժամկետի, կավարտվեն 24 ամսվա ընթացքում։ Մանկապարտեզը թեև կառուցվում է Բերդկունք գյուղի վարչական տարածքում, սակայն այստեղ կհաճախեն նաև հարևանությամբ գտնվող Հայրավանք գյուղի նախադպրոցական տարիքի երեխաները։
2024 թվականի ապրիլի 20-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ իրականացվել են շուրջ 30 տոկոսով։
Արդեն կառուցված է նկուղային հարկը, տեղադրվել են առաջին հարկի հենասյուները և ծածկը։ Նորակառույց շենքը կլինի երկհարկանի, շուրջ 1100 քառակուսի մետր մակերեսով։ Այն կգործի 90 սաների համար՝ 3 խմբով։
Մշտադիտարկման երկրորդ կանգառը Գավառ-Գեղարքունիք մարզային նշանակության 12,9 կիլոմետր երկարության ավտոճանապարհի շինհրապարակում էր, որտեղ հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա հոկտեմբեր ամսից։
Գավառ-Գեղարքունիք ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 3 միլիարդ 250 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։
Ծրագրով նախատեսվում է հին ասֆալտբետոնյա ծածկի հեռացում, խճավազային հիմքի, ավազակոպճային շերտի, ասֆալտբետոնյա երկշերտ նոր ծածկի տեղադրում, ջրահեռացման համակարգի կառուցում երկաթբետոնյա ծածկած կիսախողովակներով, որոնք միաժամանակ կծառայեն որպես մայթեր՝ 12,9 կիլոմետր երկարությամբ։
Ասֆալտապատվող մակերեսը կկազմի շուրջ 91 հազար քառակուսի մետր։ Գավառ քաղաքի տարածքում 900 մետր երկարությամբ կկառուցվի հեղեղատար-կոյուղի։
Հիմնանորոգվող ճանապարհի շուրջ 8 կիլոմետրն անցնում է Գավառ համայնքի Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ բնակավայրերի եւ Գավառ քաղաքի ներսով։
2024 թվականի ապրիլի 15-ի դրությամբ իրականացվել է ճանապարհի ասֆալտբետոնյա հին ծածկի քանդման աշխատանքներ՝ 5,5 կիլոմետր երկարությամբ, որից 3 կիլոմետրի վրա արդեն տեղադրվել է խճավազային հիմք, ավազակոպճային շերտ ու ասֆալտբետոնյա երկշերտ ծածկ՝ շուրջ 21 հազար քառակուսի մետր մակերեսով։ Հեղեղատար-կոյուղին կառուցված է շուրջ 720 մետր երկարությամբ, 1 կիլոմետր երկարությամբ տեղադրված են երկաթբետոնյա վաքերը և եզրաքարերը։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականի դեկտեմբերին։
Կարեն Սարգսյանը զրուցեց շինարարների հետ, տվեց համապատասխան ցուցումներ, արեց դիտողություններ ու առաջարկություններ, իսկ մշտադիտարկումից հետո ներկայացրեց իր տպավորությունները շինարարական աշխատանքների ընթացքի շուրջ։
«Երկու կառույցներն էլ կենսական կարևոր նշանակություն ունեն ու լուրջ հիմնախնդիրներ են լուծում Գավառ համայնքի տասնյակ հազարավոր բնակիչների համար։ Մանկապարտեզի շահագործմամբ լուծվում է նախադպրոցական կրթության խնդիրը Բերդկունք ու Հայրավանք բնակավայրերում, իսկ Գավառ Գեղարքունիք ճանապարհի հիմնանորոգմամբ Գավառ համայնքի 5 բնակավայրեր արդեն կօգտվեն ասֆալտապատ ու բարեկարգված ավտոճանապարհից ու մայթերից։
Աշխատանքների ընթացքը և մեր դիտարկումներն առաջին հայացքից հուսադրում են, որ կպահպանվեն թե շինարարության որակը, թե սահմանված ժամկետները»,-նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52