Նորություններ
Թատերական երկամսյակի հերթական ներկայացումը բեմադրվեց մայրության և գեղեցկության տոնի առթիվ
07.04.2024
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2024 թվականի մարտի 1-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկած թատերական երկամսյակի շրջանակներում ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ, Գեղարքունիքի՝ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ, որին ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, Գեղարքունյաց թեմի Հայրավանքի վանահայր հոգեշնորհ Տ. Բաբկեն վրդ. Սալբիյանը։
Ցերեկույթին հրավիրված էին Արցախյան պատերազմներում և Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհված հայորդիների մայրեր, քույրեր, դուստրեր կանայք, մարզային ենթակայության կրթամշակութային և առողջապահական հաստատությունների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կին աշխատակիցներ։
Միջոցառման սկզբում ընթերցվեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին․
<<Սիրելի մայրեր, դուք եք մեր կյանքի ակունքը, մեր սերն ու գեղեցկությունը, հույսն ու հավատը, երջանկության աղբյուրը։ Ձեզանով է կանգուն մեր հայրենի աշխարհը, ձեզանով են նորանում, կյանք ու ոգի առնում մեր երազանքներն ու նպատակները։
Դուք Հայրենիքին տվել եք ամեն ինչ` դրա դիմաց ակնկալելով միայն խաղաղություն ու բարօրություն։
Մենք խոնարհվում ենք ձեր մայրական սիրո ու նվիրումի, ձեր գուրգուրանքի ու տքնանքի, կրած կորուստների ու ծանր ապրումների առաջ և պարտավորվում` լինել ձեր արժանի ու երազած զավակները, խաղաղ ու նոր հայրենիք կերտող մարդիկ։
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ցանկանում ամենայն բարիք, անսահման երջանկություն, գարնանային պայծառ տրամադրություն>>։
Ցերեկույթի ընթացքում ներկաներին ողջունեց և օրհնանքի խոսքեր հղեց Գեղարքունյաց թեմի Հայրավանքի վանահայր հոգեշնորհ Տ. Բաբկեն վրդ. Սալբիյանը։
Բանաստեղծական ողջույններով հանդես եկան շնորհալի դպրոցականներ։
Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ հայտարարված թատերական երկամսյակի առիթով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանները ներկայացրին վրացի արձակագիր Նոդար Դումբաձեի՝ «Կուկարաչա» դրաման, որի բեմադրիչն է Ալբերտ Սաֆարյանը։