Նորություններ
Հրաձգության մարզային մրցումներում հաղթող է ճանաչվել Զոլաքար գյուղի N 1 միջնակարգ դպրոցի թիմը
06.04.2024
Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների « Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում Գեղարքունիքի մարզի դպրոցականների միջև անցկացվել են «Դիպուկ հրաձիգ» հրաձգության մրցումներ: Այն անցկացվել է երկու փուլով` համայնքային և մարզային:
Համայնքային փուլի մրցումներն անցկացվել են մարտի 15-ին, որի ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած դպրոցական թիմերն ապրիլի 5-ին Գավառի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցի հրաձգարանում մասնակցել են մարզային փուլի մրցումներին:
Թիմի կազմում ընդգրկվել են 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են օդամղիչ հրացաններով` մինչև թիրախ 10 մետր հեռավորությունից:
Հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն յուրաքանչյուր հրաձիգ կատարել է 6 կրակոց, որից հաշվարկային է եղել 5 լավագույնը:
Ծավալվել է հետաքրքիր և համառ պայքար․ որի արդյունքում թիմային հաշվարկով 362 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Զոլաքար գյուղի N 1 միջնակարգ դպրոցի թիմը։
Երկրորդ տեղը 333 միավորով գրավել է Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղում, 316 միավորով, Գավառի Գեորգի Մնացականյանի անվան N7 միջնակարգ դպրոցի թիմն էր:
«Նմանատիպ մրցումները նպաստում են նախազորակոչային և զորակորային տարիքի երիտասադության ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ինչպես նաև հրաձգություն մարզաձևի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը» - նշել է մրցումների գլխավոր մրցավար Կամո Ավետիսյանը։ Մրցումների արդյունքներն ամփոփելուց հետո հաղթող թիմերին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի անունից հանձնվել են հավաստագրեր։
2024 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք հրաձգության մրցումների հանրապետական փուլում ՀՀ Գեղարքունիքի մարզը կներկայացնի Զոլաքար գյուղի N 1 միջնակարգ դպրոցի թիմը: