Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան արտակարգ և լիազոր դեսպանին

07.03.2024

Մարտի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։
Ողջունելով դեսպանին՝ մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց Աոկի Յուտակային՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանում և Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին ցուցաբերած աջակցության համար։
Ապա կողմերի միջև զրույց ծավալվեց Գեղարքունիքի մարզի տնտեսության, զբոսաշրջային գրավչությունների, հայ-ճապոնական համագործակցության հեռանկարների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում կեցավայր ընտրած բնակչության աջակցության ու հետագա կարիքների գնահատման, ՀՀ կառավարության կողմից մարզում իրականացվող զարգացման ծրագրերի, այլ թեմաների շուրջ։
Աոկի Յուտական հետաքրքրվեց, թե Գեղարքունիքի մարզի կենսագործունեության որ ոլորտում հեռանկարային ու արդյունավետ կարող է լինել հայ-ճապոնական համագործակցությունը, որտեղ կկարողանա իր բաժին մասնակցությունն ունենալ նաև Ճապոնիայի կառավարությունը։
«Մենք ծրագրել ենք կառուցել նոր հիվանդանոց և բուժամբուլատորիաների շենքեր, որտեղ կարող ենք ունենալ ձեր փորձի և առողջապահական բարձրակարգ ու ժամանակակից տեխնիկական միջոցների կարիքը։ Կարող ենք համագործակցել նաև զբոսաշրջության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Կարծում եմ, որ մեր հետագա համագործակցության համար այս հանդիպումը կլինի անկյունաքարային, իսկ առաջիկայում մեր համատեղ քննարկումները կվերածվեն համագործակցության լուրջ ծրագրերի»,-նշեց Գեղարքունիքի մարզպետը։
Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը և Աոկի Յուտական փոխանակվեցին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզը և Ճապոնիայի Կիոտո քաղաքը խորհրդանշող հուշանվերներով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52