Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների տնօրենների հետ
29.02.2024
Փետրվարի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց Միասնական սոցիալական ծառայության Մարտունու, Վարդենիսի, Գավառի, Սևանի և Ճամբարակի տարածքային կենտրոնների տնօրենների հետ։
Խորհրդակցության թեմաներն առնչվում էին Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի զինուժի կողմից բռնի տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի կատարման ընթացքում ի հայտ եկած որոշ խնդիրներին, բնակչության զբաղվածության ապահովման, ինչպես նաև՝ մարզի սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ սահմանված բնակարանաշինության ծրագրի խթանման գործընթացներին։
Բացելով խորհրդակցությունը՝ Կարեն Սարգսյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում դիմումներ են ստացվում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների արդյունքում բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում ապաստանած որոշ ընտանիքներ չեն կարողանում օգտվել 40+10 հազարական և 50 հազարական դրամ աջակցության պետական ծրագրերից և խնդրեց պարզաբանել, թե ինչի հետ է կապված նման իրավիճակը։
Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենների տեղեկացմամբ՝ նման օրինակները թեև մեծ տոկոս չեն կազմում, սակայն կապված են որոշակի տեխնիկական խնդիրների՝ դիմումների սխալ լրացման, իրականացված ոչ ճիշտ հաշվառումների, իսկ հիմնականում՝ պետական աջակցությանը մասնակցող դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող գումարների ուշացման հետ։ Ըստ ՄՍԾ տարածքային կենտրոնի տնօրենների՝ արցախցիներին տրամադրվող աջակցության գումարները, որոնք տրամադրվում են պետբյուջեի կողմից, ամբողջությամբ ու ժամանակին վճարվում են, իսկ հիմնականում ուշանում են այն գումարները, որոնք տրամադրվում են մի շարք դոնոր կազմակերպությունների կողմից։
«Ուշացումները տևում են մեկ շաբաթ կամ մի քիչ ավել, սակայն այդ աջակցության գումարները պարտադիր վճարվում են»,-հավաստեցին տնօրենները, հավելելով, որ այլ պատճառներով աջակցությունից զրկված արցախցի ընտանիքների խնդիրների կարգավորումը ևս գտնվում է իրենց ամենօրյա հոգածության ներքո։
Կարեն Սարգսյանը հրահանգեց ՄՍԾՏԿ տնօրեններին՝ սեղմ ժամկետներում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացնել արցախցի այն կարիքավոր ընտանիքների ցանկը, որոնց աջակցության գումարներն ուշացվել են կամ որոնց անունները տեխնիկական պատճառներով դուրս են մնացել աջակցության ծրագրերից։
«Մարդիկ հիմա կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու, բնակվարձ մուծելու, առօրյա բազմաթիվ ծախսեր կատարելու խնդիրներ ունեն, որոնց համար միջոցներ են անհրաժեշտ։ Հարկավոր է աջակցության ծրագրերից դուրս մնացած ընտանիքների հետ գտնվել մշտական կապի մեջ, վեր հանել բոլոր խնդիրները և ներկայացնել մեզ, որպեսզի կարողանանք համատեղ քայլերով կարգավորել իրավիճակը՝ հարկ եղած դեպքում կարիքավոր ընտանիքներին տրամադրելով այլ կարգի օգնություններ։ Ուշադրությունից դուրս չպետք է մնա և ոչ մի ընտանիք»,-առաջարկեց մարզպետը։
Կարեն Սարգսյանը կանգ առավ ևս մեկ կարևոր հիմնահարցի վրա, որի կարգավորման պարագայում կշահեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, այլ նաև Գեղարքունիքի մարզում աշխատանքի կարիք ունեցող մարդիկ։
«Շուտով մեր մարզի բոլոր համայնքներում սկսվելու են մեծածավալ շինարարական աշխատաքններ, որտեղ մեզ հսկայական քանակի աշխատուժ է անհրաժեշտ՝ մասնագետներից սկսած ու բանվորական ուժով վերջացրած, իհարկե, գոհացուցիչ աշխատավարձով։ Այս դեպքում ձեր կողմից պետք է մշտական համագործակցություն հաստատվի Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, շինարարական կազմակերպությունների, շինարարությունների պատվիրատու այլ գերատեսչությունների հետ, որպեսզի կարողանանք կարգավորել և՛ բավարար աշխատուժ ապահովելու, և՛ մարդկանց զբաղվածության, և պահանջվող ժամկետներում շինարարություն իրականացնելու հետ կապված խնդիրները»,-շեշտեց Գեղարքունիքի մարզպետը։
Խորհրդակցության օրակարգային երրորդ հարցը վերաբերում էր սահմանամերձ համայնքներում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագրի իրականացման ընթացքին և խթանմանը։ Կարեն Սարգսյանը, կետ առ կետ նշելով ծրագրի հրատապությունն ու ռազմավարական նշանակությունը, ՄՍԾՏԿ տնօրեններին առաջարկեց՝ լայն բացատրական ու գործնական աշխատանք տանել շահառու ընտանիքների հետ ու կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ նրանց բնակարանաշինության ծրագրում ընդգրկելու ուղղությամբ։
«Մեր մարզում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանաշինական ծրագրի համար ազդակիր բնակավայրեր են ընտրված Ճամբարակ համայնքի Վահան, Վարդենիս համայնքի Վերին Շորժա, Ներքին Շորժա, Սոթք, Ազատ, Կութ, Նորաբակ գյուղերը։ Այս ծրագրից կարող են օգտվել ինչպես մեր մարզի տնազուրկ, բնակարանի կարիք ունեցող, այնպես էլ Լեռնային Ղարաբաղից տարբեր ժամանակներում բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Ի դեպ, այս ծրագիրը ոչ միայն բնակարանային, այլ նաև զբաղվածության լուրջ հարցեր կարող է միաժամամանակ կարգավորել այն առումով, որ տվյալ ընտանիքները հնարավորություն կունենան՝ օգտվելու գյուղատնտեսության ոլորտում առկա պետական աջակցության բազմազան ծրագրերից։ Այս ծրագիրը մեծաապես կխթանի մեր սահմանամերձ բնակավայրերի տնտեսական առաջընթացն ու զարգացումը»,-ամփոփեց Գեղարքունիքի մարզպետը։
ՄՍԾՏԿ տնօրենները ներկայացրին իրենց կողմից իրականացված աշխատանքային ձեռքբերումները, ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, հանդես եկան որոշակի առաջարկություններով։