Նորություններ
ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում
28.02.2024
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրատար և արտաքին լուսավորության ցանց։
Գեղամասարում սուբվենցիոն 2 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 36 միլիոն 332 հազար 640 դրամ, որից 25 միլիոն 432 հազար 848 դրամը ՀՀ կառավարության, 10 միլիոն 899 հազար 792 դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանի ներդրումն է։
Գեղամասարի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 25 միլիոն 920 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում միայն 1678 մետր երկարությամբ խմելու ջրատարի ներքին ցանց կառուցվել է Շողակաթ-Վարդենիս մայրուղու՝ Գեղամասարի ներսով անցնող միջպետական նշանակության ճանապարհի եզրով, իսկ մնացած 1622 մետրը՝ Գեղամասար բնակավայրի ներսում՝ չորս տարբեր թաղամասերում։
13 բաժանարար հանգույցների փոխարեն տեղադրվել է 18 բաժանարար հանգույց, ևս 115 մետրով էլ ավելացվել է կառուցվող ցանցը՝ շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները կարգավորելու նպատակով։
Խմելու ջրատարի ներքին ցանցի ընդհանուր երկարությունը կազմել է 3,3 կիլոմետր։
Ծրագրի իրականացման շնորհիվ Գեղամասարում հիմնովին կարգավորվել է խմելու ջրի հիմնախնդիրը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Գեղամասարի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 10 միլիոն 412 հազար 640 դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և ավարտվել նույն տարվա նոյեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 2500 մետր երկարության արտաքին լուսավորության ցանց՝ ԼԵԴ համակարգով աշխատող 70 լուսատուների տեղադրմամբ։
Լուսավորության ցանցի անցկացմամբ Գեղամասարի կենտրոնական փողոցները լուսավորվել են առաջին անգամ։