Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին առաջնահերթ նշանակության հարցեր

26.02.2024

Փետրվարի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում լսվեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։
Ֆինանսական ոլորտում զեկուցվեց համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման, ապառքների գանձման, 2024 թվականին ֆոնդային բյուջե ուղղված գումարների չափի, նախորդ տարեվերջին ձևակերպված, սակայն դեռևս չկատարված պարտավորությունների, սեփական միջոցներով իրականացված կապիտալ ծախսերի ու ծրագրերի հետ կապված հարցերի մասին։
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում զեկուցվեց նոր կնքված աղբահանության պայմանագրերից գանձվող գումարների և այլ չպլանավորված մուտքերի հանրագումարը համայնքների 2024 թվականի բյուջեի պլանային ցուցանիշների մեջ ներառելու գործընթացի, աղբահանության աշխատանքների կատարման ընթացքի, համայնքներում նոր հաստիքների ավելացման և աշխատավարձերի բարձրացման ցուցանիշների նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների, համայնքների ավագանիների և ղեկավարների կողմից ընդունված որոշումների իրավաչափության, համայնքներում իրականացվող իրավական և մասնագիտական հսկողության հետ կապված հարցերի մասին։
Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման ոլորտում զեկուցվեց մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության ծավալման, այլ գերատեսչությունների կողմից մարզի տարածքում իրականացվող ծրագրերի կատարման ընթացքի, սուբվենցիոն և այլ ծրագրերով իրականացվող աշխատանքների որակի մշտադիտարկման, ավտոճանապարհների ձմեռային սպասարկման ընթացիկ վիճակի, Վարդենիսի ԲԿ նոր շենքի շինարարության ժամկետների, ՀՀ պետական վերահսկողական ծառայության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված թերությունների վերականգնման և վնասի հատուցման հետ կապված հարցերի մասին։
Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում զեկուցվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների հետ «Կրթահամալիր» ծրագրում ընդգրկվող մարզային ենթակայության կրթական հաստատությունների ցանկի քննարկման ու հաստատման, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» հետ մշտական համագործակցության, Ճամբարակի N 4 միջնակարգ և Վանևանի միջնակարգ դպրոցներում ջեռուցման համակարգերի կառուցման ընթացքի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզի բնակավայրերում ապաստանած մանկավարժների, դաստիարակների զբաղվածության, դպրոցահասակ և նախադպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ներգրավելու հետ կապված հարցերի մասին։
Առողջապահության ոլորտում զեկուցվեց Կարմրուկ սուր վարակիչ հիվանդության տարածման դեմ ձեռնարկված միջոցառումների, 0-ից մինչև 18 տարեկան երեխաների պատվաստման գործընթացի, առողջապահության նախարարության կողմից տրամադրվող բժշկական սարքավորումների բաշխման, առողջապահական հիմնարկների ֆինանսատնտեսական հաշվետվությունների քննարկման, ԱԱՊԿ-ների խոշորացման ծրագրի իրականացման հետ կապված հարցերի մասին։
Առանձնակի ուշադրություն հրավիրվեց համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող և պայմանագրերով սահմանված շինարարարական աշխատանքների ժամկետների խախտման հետևանքով առաջացած տույժերի և տուգանքների կիրառման հետ կապված հարցին։
Ըստ ներկայացված զեկույցի՝ նախորդ տարիների ընթացքում իրականացված սուբվենցիոն ծրագրերում սահմանված պայմանագրային ժամկետների խախտումների հետևանքով առաջացած տույժ-տուգանքները Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հաշվարկվել են 15 միլիոն 800 հազար դրամի չափով։
«Հաշվարկված գումարն ամբողջությամբ ենթակա է հետգանձման։ Նման մոտեցումը կարևոր է այնքանով, որ շինարարություն իրականացնող կազմակերպությունները լուրջ դասեր քաղեն դրանից՝ պայմանագրային ժամկետները խստորեն պահպանելու և նման դեպքեր թույլ չտալու կամ չկրկնելու համար։ Իսկ նման դեպքերում հետևելու են ոչ միայն դրամական տույժ-տուգանքներ, այլ նաև օրենքով սահմանված այլ պատիժներ»,-նշեց մարզպետը։
Կարեն Սարգսյանն անդրադարձավ նաև Վարդենիսում ու ճամբարակում կադաստրի գրասենյակների և անձնագրային սեղանների հետագա գործունեության հետ կապված հարցերին, նշելով, որ առաջիկայում համապատասխան վերապատրաստումներից հետո այդ գործառույթները մասամբ կիրականացվեն համայնքապետարանների սպասարկման գրասենյակների օպերատորների միջոցով։
Խորհդակցության ընթացքում քննարկվեցին նաև ընթացիկ և առաջնահերթ նշանակության այլ հարցեր։
Խորհրդակցության ավարտին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44