Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցավ գրադարանի բացման արարողություն

19.02.2024

Փետրվարի 19-ին, Գիրք նվիրելու օրվա առթիվ, Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցավ գրադարանի բացման հանդիսավոր արարողություն, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանը, ՀՀ Գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն, գրականագետ Վահագն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր, բուժաշխատողներ։
Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանի նախաձեռնությամբ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի, ՀՀ Գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի, Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի աջակցությամբ հիմնված գրադարանը հասանելի կլինի բժշկական կենտրոնի բոլոր բաժանմունքներում՝ գրադարակների տեսքով, որից կարող է օգտվել ցանկացած բուժառու։
Գրադարանի գրապահոցի համալրմանը մեծապես աջակցել են ՀՀ Գրողների միությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը, Գավառի համայնքապետարանը, Գեղարքունիքի մարզային և համայնքային գրադարանները, Գավառի երիտասարդական կազմակերպությունները, «Արարատ» բանկը, անհատ բարերարներ։
Ելույթ ունեցողներն իրենց խոսքերում շնորհավորեցին միմյանց և բժշկական կենտրոնի անձնակազմին՝ նորաբաց գրադարանի առթիվ, հույս հայտնելով, որ նորաբաց գրադարանի նվիրատուների շարքն աստիճանաբար կընդլայնվի։
«Շնորհավորում եմ բոլորիս Գիրք նվիրելու օրվա և գրադարանի բացման առթիվ։ Սա բացառիկ և շատ գեղեցիկ նախաձեռնություն է, և վստահ եմ, որ նորաբաց գրադարանը զբաղվածություն կապահովի այն բուժառուների համար, ովքեր ցանկություն կունենան ժամանակ հատկացնել ընթերցանությանը։
Միաժամանակ մաղթում եմ, որ բուժառուներն այստեղ այնքան արագ ապաքինվեն, որ չհասցնեն ընթերցել վերցրած գիրքն ամբողջությամբ և այն շարունակեն բժշկական կենտրոնից դուրս գրվելուց հետո»,- նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցողները ևս հնչեցրին շնորհավորանքի խոսքեր` կարևորելով օրվա խորհուրդն ու դրան մաս կազմող տոնի բովանդակությունը, ինչը մեծապես նպաստում է հայ գրի, գրքի տարածմանը և հանրություն- գրադարան կապի ամրապնդմանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52