Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հանդիպում՝ Գիրք նվիրելու օրվա առթիվ

19.02.2024

Հայ Մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 155-րդ տարեդարձի և գիրք նվիրելու օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը փետրվարի 19-ին իր աշխատասենյակում ընդունեց 2023-2024 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային փուլում մարզի տարբեր հանրակրթական դպրոցներից մասնակցություն ցուցաբերած և առավելագույն ցուցանիշ ապահոված, ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված հանրապետական տարբեր փառատոններում և միջազգային կրթական տարբեր ծրագրերում հաղթող ճանաչված 10 դպրոցականների։
Հանդիպմանը ներկա էին ՀՀ Գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն, գրականագետ Վահագն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց ներկաներին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան և այդ առիթով մեր հանրապետությունում նշվող տոնի՝ գիրք նվիրելու օրվա կապակցությամբ։
Իր խոսքում մարզպետն անդրադարձավ տոնի խորհրդին` կարևորելով գրքի և գրականության հանդեպ ցուցաբերվող ուշադրությունն ու նվիրումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր ունենալ խելացի ու բանիմաց սերունդ, հզոր ու զարգացող երկիր։
Օրվա առթիվ ներկաներին շնորհավորեցին և շնորհավորանքներ ստացան նաև ՀՀ Գրողների միության ներկայացուցիչները, հանդիպման մյուս մասնակիցները։
Գեղարքունիքի մարզի ղեկավարի և դպրոցականների միջև ծավալվեց անմիջական զրույց, որի ընթացքում դպրոցականները իրենց երախտագիտությունը հայտնեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ նման նախաձեռնություն ցուցաբերելու համար, խոսեցին իրենց հաջողությունների, ձգտումների և նախասիրությունների մասին։
«Այս բովանդակալից հանդիպման համար մենք շնորհակալություն ենք հայտնում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, քանզի մեր օրը տոնական և հիշարժան դարձավ։ Նման առիթները մեզ պարտավորեցնում են` առավելագույն ուշադրություն դրսևորել գրքի և ընթերցանության հանդեպ, դրանց շնորհիվ հասնել մեր երազանքներին ու ցանկություններին»,- նշեցին դպրոցականները։
Իր հերթին մարզպետ Կարեն Սարգսյանը գրքեր նվիրեց հանդիպման մասնակիցներին և բարին մաղթեց նրանց՝ ուսումնառության և կյանքի ամենատարբեր ոլորտներում։
Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացրեց պետական աջակցությամբ մինչև 2026 թվականը Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրում իրականացվելիք դպրոցաշինական ծրագրերի մասին, որոնց մի մասն արդեն մեկնարկային փուլում է։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ կայացած հանդիպմանը մասնակցում էին Գավառի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Մանուկյանը, Լիճքի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Աննա Ալեքսանյանը, Գեղհովիտի թիվ 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Մարինա Մարգարյանը, Ծովինարի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալեք Թառոյանը, Լճաշենի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Նարե Ավետիսյանը, Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Վերա Երեմյանը, Թթուջրի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Աննա Հանյանը, նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Նունե Բորյանը, Գեղամասարի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Բեգյանը, Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Միլենա Կռոյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52