Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի խոսքը՝ Գիրք նվիրելու օրվա առթիվ

19.02.2024

Սիրելի հայրենակիցներ, Փետրվարի 19-ն արդեն մեր տոնացույցում դարձել է առանձնահատուկ ու նշանավոր օր գրողների, արվեստագետների, գրասեր հասարակության համար։ Այն տոնվում է պետական մակարդակով` որպես Գրքի նվիրատվության օր, բոլոր գրադարաններում, կրթամշակութային հաստատություններում, պետական հիմնարկներում։
Գիրք նվիրելու օրը, որը ժամանակին սահմանվել է ՀՀ Գրողների միության առաջարկությամբ, համընկնում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ, ինչը կրկնակի է իմաստավորում այս տոնի խորհուրդը։
Այսօր մենք պատիվ ունենք տոնել Ամենայն հայոց բանաստեղծի 155-րդ տարեդարձը։
Թումանյանն իրեն հաջորդող սերունդներին ահռելի ժառանգություն է թողել, իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։
Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ և մենք շարունակում ենք ազգովի մանկանալ ու մեծանալ նրա հետ, նաև հասունանում ու իմաստնանում ենք, բայց, ի վերջո, մեզ անհաս է մնում կատարելության այն սահմանը, որը գծել է բանաստեղծը:
Առհասարակ գիրքը հայ իրականության մեջ հազարամյակներ շարունակ եղել է ու կա որպես պաշտամունք, հոգևոր սնունդ, ազգային դեմք ու դիմագիծ։
Հենց հազարամյակների խորքից մեզ հետ խոսում են Մեսրոպ Մաշտոցի, Մովսես Խորենացու, Գրիգոր Նարեկացու ու այլոց հայրենաշունչ գրերը։
Այդ նույն գրքերը փոխանցվում են ձեռքից ձեռք, ընթերցվում, հանրայնացվում, դառնում ժողովրդի հոգևոր ժառանգության անբաժան մասը։
Շատ կարևոր է նաև, որ մեր ականավոր գրողների կողքին գրական ասպարեզ են մտնում նոր շնորհալի դեմքեր, որոնք շատ ամուր են բռնել մեր ազգային ու համամարդկային գրականության զարկերակը և իրենց ստեղծագործություններն են փոխանցում գալիք սերունդներին։
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Գրքի նվիրատվության օրվա առթիվ, մաղթում խաղաղ հայրենիք, քաջառողջություն, ներդաշնակ ու արարչագործ զորությամբ բռնկված կյանք, գրական աշխարհի ներկայացուցիչներին` ստեղծագործական անսպառ եռանդ ու նոր գրքերի երկնում։
Լավագույն ցանկություններով ` ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59