Նորություններ
ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում
13.02.2024
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գեղարքունիք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և պուրակ, տրանսպորտային երթուղու կանգառ։
Սուբվենցիոն երեք ծրագրերի իրականացման համար ներդրվել է 31 միլիոն 621 հազար դրամ, որից 16 միլիոն 35 հազար 600 դրամը՝ ՀՀ կառավարության, 15 միլիոն 585 հազար 400 դրամը՝ Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։
Գեղարքունիք գյուղի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 10 միլիոն 61 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Գեղարքունիք գյուղի Դեմիրճյան, Գարեգին Նժդեհի, Մելքոնյան, Պարույր Սևակ, Ավետիսյան, Զորավար Անդրանիկ փողոցների առանձին նրբանցքներում ու փակուղիներում, շուրջ 2700 գծամետր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 74 լուսատու։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։
Ծրագրի իրականացման շնորհիվ վերոնշյալ փողոցների բոլոր տնտեսությունները արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։
Գեղարքունիքի խաղահրապարակի և պուրակի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 15 միլիոն 620 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում խաղահրապարակը և պուրակը կառուցվել են Գեղարքունիքի մանկապարտեզի բակային տարածքում։
Խաղահրապարակ-պուրակը կահավորված է մանկական խաղարաններով, զրուցարան-տաղավարներով, ունի լուսավորության ցանց, ցայտաղբյուր։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից և ավարտվել նույն տարվա նոյեմբերին։
Ծրագրի շահառու են հանդիսանում Գեղարքունիք բնակավայրի մանկահասակ բոլոր երեխաները։
Գեղարքունիքի կանգառի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 5 միլիոն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիս ամսից և ավարտվել նույն տարվա օգոստոսին։
Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պատմամշակութային հուշարձանների պատկերով ու նկարագրով արտացոլված կանգառ է կառուցվել Գեղարքունիք-Գավառ մարզային նշանակության ճանապարհի հատվածում։
Ծրագրի շահառու են հանդիսանում Գեղարքունիք գյուղի բոլոր բնակիչները։