Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

13.02.2024

Փետրվարի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քննության առնվեց կրթության, առողջապահության, քաղաքաշինության, հողաշինության, ենթակառուցվածքների կառավարման, գյուղատնտեսության, ֆինանսական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, սոցիալական ոլորտներում առկա հիմնախնդիրների կարգավորման հետ կապված հանձնարարականների կատարման ընթացքը։
Օրակարգային հարցերի քննարկումից առաջ Կարեն Սարգսյանն անդրադարձավ նախորդ օրը Վարդենիս համայնքում իրականացված քաղաքական ակցիային՝ իր անհամաձայնությունը հայտնելով կազմակերպիչների ոչ իրավաչափ ու սադրիչ գործողությունների հանդեպ։
«Քաղաքական ակցիան հետևանք է մարդկանց մեջ տարածված այն կեղծ տեղեկությունների, թե իբրև Վարդենիսում հանրային կենսական նշանակության կառույցները լուծարվում կամ տեղափոխվում են՝ համայնքն իր բնակչությունից դատարկելու դիտավորությամբ։
Նման սադրիչ լուրեր տարածողները մոռանում են, թե հայրենի կառավարությունը վերջին տարիներին խոշոր ծավալների ինչպիսի ներդրումներ է կատարում, ինչ կարևոր ծրագրեր է իրականացնում կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում։
Նրանք երբեք չեն ասում, որ նույն Վարդենիսում նախորդ տարվա ընթացքում միլիարդավոր դրամների սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել, որոնք շարունակվելու են նաև այս տարի, երբեք չեն ասում, որ մոտակա տարիներին պետական միջոցներով կառուցվելու է նոր բժշկական կենտրոն, 1 դպրոցական, 5 կրթահամալիրների, նոր մանկապարտեզների շենքեր, հզորանալու են ենթակառուցվածքները։ Փոխարենը որոշ անպատասխանատու մարդիկ օգտվում են անհարկի առիթից և խուճապ ու ապակայունություն են ստեղծում շրջապատում։
Իսկ այս ամենը գալիս է նրանից, որ մարդիկ հավուր պատշաճի իրազեկված չեն, ինչի համար հորդորում եմ բոլորիդ՝ տալ բավարար տեղեկատվություն պետության կողմից իրականացվող կառուցողական քաղաքականության ու ծրագրերի մասին»,-խորհրդակցության մասնակիցներին դիմեց մարզպետը։
Մեկ այլ հանձնարարականով Կարեն Սարգսյանը հրահանգեց՝ առանձնակի ուշադրություն դարձնել առանձին ծրագրերի մասով շինարարական պայմանագրերի ժամկետների խախտման դեպքերին, որոնց հայտնաբերման ու արձանագրման դեպքում դրանք պետք է ընդգրկվեն նաև համայնքներում իրականացվող վարչական վերահսկողության օրակարգային հարցերում, իսկ թերացող կազմակերպությունների նկատմամբ պետք է ձեռնարկվեն համարժեք քայլեր։
Քննարկվեց նաև աղբավայրերին մոտիկ ու մարզով անցնող միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրերին վերջին օրերին ստեղծված սանիտարական անբավարար վիճակը։
Մարզպետը հանձնարարեց՝ կարճ ժամկետում շտկել իրավիճակը՝ ճանապարհաեզրերը մաքրելով կենցաղային աղբի թափոններից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև համայնքների բյուջեներում ֆոնդային մասի ծավալների ավելացման, սեփական եկամուտների հավաքագրման, ապառքների գանձման ցուցանիշների մասին տեղեկատվության, այլ գերատեսչությունների կողմից մարզի տարածքում իրականացվող ծրագրերի մշտադիտարկման արդյունքների, ավտոճանապարհների ձմեռային սպասարկման ընթացիկ վիճակի, Կարմրուկ հիվանդության տարածման դեմ ձեռնարկվող միջոցառումների, առողջության առաջնային պահպանման օղակի օպտիմալացման ծրագրի, փաստաթղթաշրջանառության կազմակերպման հետ կապված հարցեր և առաջնահերթ նշանակության այլ անելիքներ։
Համապատասխան ստորաբաժանումների կողմից մարզպետին ներկայացվեց ամփոփ տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում ապաստանած ընտանիքների կեցության, զբաղվածության, սոցիալական աջակցությունների տրամադրման, մանկավարժներին, դաստիարակներին, նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ներգրավելու, բուժհաստատություններում հաշվառումներ կատարելու և բուժծառայություններ տրամադրելու մասին։
Խորհրդակցության ավարտին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52