Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

08.02.2024

Փետրվարի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին անվտանգային, տնտեսական, առողջապահական ու կրթամշակութային ոլորտներում ընթացող համագործակցության խորացմանն ու ամարպնդմանն ուղղված հարցեր։
Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դեսպանին ներկայացրեց Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև հաստատված համագործակցության ծրագրերի շրջանակները, արդյունքները և առաջիկա անելիքները, շեշտելով, որ կրթության, մշակույթի, տուրիզմի, առողջապահության ոլորտներում երկար տարիներ կողմերի ջանքերով իրականացվել են բազմաթիվ ու բազմազան ծրագրեր, իսկ տևական համագործակցությունը վերածվել է ամուր բարեկամության։
Փոխադարձ այցերին գումարվել են նաև հեռավար կարգով քննարկումները, որոնց ընթացքում առաջ են քաշվում ծրագրային նոր նախագծեր, համագործակցային նոր ուղղություններ։
«Ֆրանսիան իր անկեղծ բարեկամությունն ու օժանդակությունը Հայաստանի Հանրապետության, Գեղարքունիքի մարզի բնակչության հանդեպ ապացուցել է ոչ միայն խաղաղ ժամանակներում, այլ նաև մեզ համար վերջին տարիներին ստեղծված արտաքին սպառնալիքների ու դժվարին օրերի ընթացքում, ինչպես անվտանգային, քաղաքական, տնտեսական, այնպես էլ՝ հումանիտար աջակցության ոլորտներում, ինչի համար հայտնում ենք մեր ջերմ երախտագիտությունը։ Եվ հիմա էլ շարունակվում է նույն համագործակցությունն ու օժանդակությունը, բարեկամական անկեղծ վերաբերմունքը, որն առավել արտահայտվում է մեր մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին ու Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված ընտանիքներին սատար կանգնելու, բարոյական ու նյութական աջակցություն ցուցաբերելու տեսքով»,-ասաց Կարեն Սարգսյանը։
Իր հերթին Օլիվիե Դըկոտինյին ևս բարձր գնահատեց Գեղարքունիք-Իզեր համագործակցության արդյունքներն ու ձեռք բերված անքակտելի բարեկամությունը՝ կարևորելով տնտեսական ու մշակութային կապերի հետագա ընդլայնումն ու նոր ծրագրերի իրականացումը։
«Մենք պատրաստ ենք համագործակցել նաև մշակույթի, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության ու այլ ոլորտներում, աջակցություն ցուցաբերել կենսական նշանակության շատ ծրագրերում, մանավանդ, եթե խոսքը վերաբերում է սահմանամերձ բնակավայրերի ամրապնդմանն ու զարգացմանը»,-ասաց դեսպանը։
Գեղարքունիքի մարզպետը խոսեց ՀՀ կառավարության կողմից Գեղարքունիքի մարզում ներդրված ու ներդրվելիք այն ծրագրերի մասին, որոնց շնորհիվ վերջին տարիներին աննախադեպ զարգացում են ապրել մարզի գրեթե բոլոր բնակավայրերը։
Կարեն Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ այժմ Մարտունի համայնքի Ծովինար գյուղում Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում հիմնանորոգվում է գյուղի բուժամբուլատորիայի շենքը, որի աշխատանքները ավարտի կհասցվեն 2024 թվականի ապրիլի կեսերին։
Օլիվիե Դըկոտինյին խոստացավ՝ Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ բացել հիմնանորոգված բուժամբուլատորիան, միաժամանակ աջակցություն ցուցաբերել այն բոլոր խնդիրներում, որի անհրաժեշտությունը կառաջանա։
Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը դեսպանին նվիրեց Սևանավանքը պատկերող կտավը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-24 18:06:54