Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

07.02.2024


Փետրվարի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը 2024 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, քննարկելով մի շարք առաջնահերթ նշանակության հարցեր՝ ամփոփելով 2022-2023 թվականների ուստարվա արդյունքները։
Մարզային ենթակայության հանրակրթական 24 դպրոցներում «Քրոու ընդ Ասատրյանց» կազմակերպության կողմից 2023 թվականին անցկացված աուդիտի արդյունքները ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը։
,,Որոշ հաստատություններում արձանագրվել են նույն բնույթի խախտումները կամ թերացումները, որոնք արձանագրվել են ֆինանսական կամ աշխատանքային կարգապահության, «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների, հակահրդեհային կանոնների պահպանման խախտումների, աշխատանքային հաճախումների հաշվառման մատյանների բացակայության, օրենքի այլ պահանջների չկատարման տեսքով։ Աուդիտի արդյունքներով արձանագրված խախտումների համար կարգապահական տույժ է կիրառվել 5 դպրոցների տնօրենների նկատմամբ։ Հանրակրթական դպրոցների ևս 7 տնօրեններ նախորդ ուստարվա ընթացքում կարգապահական տույժերի են ենթարկվել թույլ տրված այլ բնույթի խախտումների համար,,- նշեց գլխավոր քարտուղարը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը խոսեց սոցփաթեթներով նախատեսված գումարների ճիշտ պլանավորման և մուտքագրման, մանկավարժների ճանապարհածախսերի փոխհատուցման ուղղությամբ հիմնավորումները և հաշվետվությունները ժամանակին ներկայացնելու, նախահաշիվներում փոփոխություններ կատարելու դեպքում մարզպետի աշխատակազմ միայն հիմնավոր փաստաթղթեր ներկայացնելու հետ կապված հարցերի մասին։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը զեկուցեց Գեղարքունիքի մարզի հանրակրթության ոլորտում 2022-2023 թվականներին իրականացված աշխատանքների և ծրագրերի, ինչպես նաև այս ուսումնական տարվա առաջնահերթ անելիքների մասին։
,,2023 թվականի ուսումնական տարվա վերջում դպրոցն ավարտել է 1180 12-րդ դասարանցիներ, և նոր ուսումնական տարում 1-ին դասարան են հաճախել 2550 աշակերտներ, ինչի արդյունքում 12-րդ դասարան ավարտածների և 1-ին դասարան ընդունվածների համեմատական աճը կազմել է 1370 աշակերտ:
2023-2024 ուսումնական տարվա սեպտեմբերին աշակերտների թիվը եղել է 26963, և շուրջ 797 աշակերտեր են տեղափոխվել մեր մարզ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվելու պատճառով:
Անցած ուսումնական տարում Գեղարքունիքի մարզի դպրոցները տվել են 7 ոսկե մեդալակիր աշակերտներ, որոնցում մեդալակիրների պատվին մարզպետի աշխատակազմի աջակցությամբ վերանորոգվել և կահավորվել են մեկական դասասենյակներ։
Անցած ուսումնական տարում դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մեր մարզից մասնակցած 73 աշակերտներից 10-ն արժանացել են դիպլոմի, 9-ը՝ գովասանագրերի, ովքեր հրավիրվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ և ստացել շնորհակալագրեր, իսկ աշակերտներին դասավանդած համապատասխան ուսուցիչները ստացել շնորհակալագրեր և 50-100000-ական դրամ հավելավճարներ:
2023 մարզում բացվել է 8 նախակրթարան, որտեղ այս պահին սովորում են 153 սաներ:
Մարզում այս պահին կառուցվում են 6 նոր դպրոցներ և 3 մարզադահլիճներ:
ՀՀ Կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզի կառուցման ծրագրում» ընդգրկված են 6 դպրոցներ և 9 կրթահամալիրներ։
Կրթահամալիրների ծրագրի մեջ մտնելու են նաև նախադպրոցական տարիքի երեխաների կրթության ապահովման, մարզամշակութային ոլորտների գործընթացը, միաժամանակ զարգանալու են համապատասխան բնակավայրի ենթակառուցվածքները:
Կահավորել է 99 դպրոցների դասասենյակները համապատասխան գույքերով, իսկ վառարանային ջեռուցմամբ գործող 15 դպրոցներում աշխատանքներ են տարվում՝ կենտրոնացված ջեռուցում ապահովելու ուղղությամբ։
Մեր նախաձեռնություններից է նաև մարզի դպրոցների մարզադահլիճների վերանորոգման, տանիքների և գույքով համալրելու ծրագրերը:
2024 թվականի փետրվարի դրությամբ Գեղարքունիքի մարզի կրթական հաստատություններում արդեն առկա է կամավոր ատեստավորված 324 մանկավարժ, որոնցից 34-ը՝ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներն են։ 14 մանկավարժներ ստանում են 400000 և ավել աշխատավարձ, նույնիսկ 2 ուսուցչի աշխատավարձը հասնում է մոտ 570000 դրամի,,- նշեց Կարեն Զազյանը։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգյանը նշեց, որ մեծ անհագստություն են պատճառում կարգապահական խախտումներն ու բացթողումները, որոնք իհարկե մարզպետի աշխատակազմի կողմից անարձագանք չեն մնացել և ոչ մի նման դեպք անուշադրության չի մատնվի։
,,Ինչ վերաբերում է «300 դպրոց և 500 մանկապարտեզի կառուցման ծրագրով» ընտրված դպրոցների և կրթահամալիրների կառուցման ծրագրերին, ապա պետք է տեղեկացնեմ, որ այդ ծրագիրը շարունակական է, և մենք առաջիկայում կունենանք կառավարության կողմից հաստատված նոր դպրոցների ու կրթահամալիրների կառուցման ցանկ։
Դպրոցաշինության կողքին մենք առավել կարևորում ենք կրթության որակը և ձեռնարկում ենք բոլոր համարժեք քայլերը, որպեսզի էականորեն ավելանա կամավոր ատեստավորվող ուսուցիչների թիվը, մեր դպրոցներում դասավանդեն միայն բանիմաց, բարձրակարգ մանկավարժները։
Նրանք, ովքեր այսօր ստանում են բարձր աշխատավարձ,
դրան հասել են քրտնաջան, նվիրված աշխատանքի արդյունքում, ու կարծում եմ, որ նրանց օրինակին շուտով կհետևեն շատերը։
Կարծում եմ, որ իրենց մասնագիտությունների գծով պետք է կամավոր ատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները՝ օրինակ ծառայելով նաև մյուս մանկավարժների համար։
Այն, որ մենք կրթության որակն աստիճանաբար բարձրացնում ենք, փաստում են մեդակալիր աշակերտները և առարկայական օլիմպիադայի հաղթողները, սակայն այդքանով չպետք է բավարարվենք,,- նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52