Նորություններ
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Գեղարքունյաց ձմեռ–2024» մարզամշակութային միջոցառումը
06.02.2024
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2024 թվականի հունվարի 8-ի թիվ 16-Ա որոշմամբ փետրվարի 1-ից Գեղարքունիքի մարզի համայնքներում և հանրակրթական դպրոցներում կազմակերպվում և անցկացվում է «Լինենք առողջ» խորագրով «Գեղարքունյաց ձմեռ-2024» մազամշակութային միջոցառումը։
Այն անցկացվում է ամեն տարի՝ բնակչության առօրյայում առողջ ապրելակերպի արմատավորման, համայնքներում ձմեռային մարզաձևերի և ազգային խաղերի մասսայականացման նպատակով։
Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցներում և բնակավայրերում արդեն իսկ անցկացվել են միջոցառումները՝ գեղեցիկ ու առողջ օր պարգևելով մասնակիցներին։
Ըստ կանոնակարգի՝ միջոցառման մեջ ընդգրկված է մասսայական դահուկավազքը, մրցումներ սահնակներով, կշռաքարի բարձրացումը, մարզական ցուցադրական ելույթները, սպորտլանդիայի անցկացումը, բարձունքի գրավումը, ձնագնդիով նշանակետին հարվածելը, մրցումներ ազգային խաղաձևերից, հրաձգություն օդամղիչ հրացանից, ձմեռային վոլեյբոլ և այլ մրցումներ:
Անցկացված միջոցառումներն ուղեկցվում են երգ ու պարով, լուսաբանվում դպրոցների կայք և ֆեյսբուքյան էջերով:
«Գեղարքունյաց ձմեռ-2024» մազամշակութային միջոցառումը կշարունակվի մինչև 2024 թվականի մարտի 1-ը։ Արդյունքների ամփոփումից հետո մրցումներում առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերած անձինք և մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը կարժանանան համապատասխան խրախուսանքի։