Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի խորհրդի 2024 թվականի առաջին նիստի օրակարգում քննարկվեց 7 հարց

31.01.2024

Հունվարի 31-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2024 թվականի առաջին նիստը, որը վարեց Գեղարքոունիքի մարզի խորհրդի նախագահ, մարզպետ Կարեն Սարգսյանը։
Նիստին մասնակցեցին մարզխորհրդի անդամները, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ։ Նիստի օրակարգում քննարկվեց մարզի կենսագործունեությանն առնչվող ու առաջնահերթ նշանակության 7 հարց։
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի համայնքների 2023 թվականի սեփական եկամուտների հավաքագրման տարեկան արդյունքների մասին» հարցի զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը:
Ըստ բանախոսի՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի արդյունքներով մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողական ցուցանիշների հավաքագրման ցուցանիշը կազմել է 108,3 տոկոս կամ պլանավորված 3 միլիարդ 629 միլիոն 372 հազար 300 դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 3 միլիարդ 931 միլիոն 158 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած արձանագրվել է 5 տոկոս աճ։
Մարտունի համայնքը սեփական եկամուտները հավաքագրել է 117,5, Սևան համայնքը՝ 111,1 Վարդենիս համայնքը՝ 102,4, Գավառ համայնքը՝ 105,5, Ճամբարակ համայնքը՝ 103,2 տոկոսով։
Պետական բյուջեից համայնքներին տրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաները 2023 թվականին ամբողջությամբ վճարվել են։
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի համայնքներում 2023 թվականին իրականացված սուբվենցիոն և անհետաձգելի ծրագրերի մասին» հարցի զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը:
Ըստ բանախոսի՝ 2021-2022 թվականներից 2023 թվական տեղափոխվել էին թվով 86 սուբվենցիոն ծրագրեր։ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 2021-2022 թվականներից տեղափոխված ծրագրերից ավարտվել են 65 ենթածրագիր, իսկ 24 ենթածրագիր տեղափոխվել է 2024 թվական։ Լուծվել են 3 սալարկումների ծրագրերի պայմանագրեր, որոնց համար հայտարարվել են նոր մրցույթներ և կնքվել են պայմանագրեր։ 2023 թվականին մարզի համայնքների կողմից մարզպետի աշխատակազմի միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն են ներկայացվել թվով 45 սուբվենցիոն ծրագրերի /160 ենթածրագրեր/ նախնական հայտեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 13 միլիարդ 145 միլիոն 840 հազար դրամ։ Ներկայացված հայտերից միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել են թվով 23 ծրագրեր /147 ենթածրագիր/, որոնց նախահաշվային ընդհանուր արժեքը կազմել է 11 միլիարդ 734 միլիոն 789,2 հազար դրամ։
2023 թվականի ծրագրերից ամբողջությամբ ավարտվել են 80 ենթածրագիր, որից 52 ենթածրագրերի մասով ՀՀ կառավարության կողմից հատկացվել են համապատասխան ֆինանսական միջոցներ, իսկ 28 ենթածրագրերի ֆինանսավորման նպատակով հայտ է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
2023 թվականին հաստատված մնացած թվով 64 ենթածրագրերի շինարարական աշխատանքները կիրականացվեն 2024 թվականի ընթացքում։
ՀՀ կառավարության տարբեր որոշումներով 2023 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերի պետության մասնաբաժնի վճարման նպատակով դեկտեմբերի 31-ի դրությամբ հատկացվել է 3 միլիարդ 993 միլիոն դրամ, որից փաստացի վճարվել է 3 միլիարդ 821,4 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ, մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականի ընթացքում կառուցվել է 62 հազար 526 գծամետր խմելու ջրագիծ, 33 հազար 662 գծամետր ոռոգման ցանց, 88 հազար 930 գծամետր լուսավորության ցանց և 2400 գծամետր գազատար։ Ասֆալտապատվել է 32,6կմ համայնքային նշանակության փողոցներ, սալարկվել է 11869 գծամետր համայնքային նշանակության փողոցներ և մայթեր։ Հիմնանորոգվել են 15 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ, հիմնանորոգվել են Գավառի և Մարտունու համայնքապետարանի վարչական շենքը, Գավառ համայնքում կառուցվել են թվով 8 խաղահրապարակներ և տեղադրվել են թվով 15 կանգառներ։
Հաշվետու ժամանակահատվածում ավարտվել կամ ավարտման փուլում են գտնվում Գավառի թիվ 7, Սարուխանի թիվ 1, Վարդենիկի, Երանոսի, Զոլաքարի և Ճամբարակի թիվ 5 մանկապարտեզների շինարարական աշխատանքները։ Մեկնարկել է Հայրավանք և Բերդկունք բնակավայրերի մանկապարտեզի շինարարական աշխատանքները, որը նախատեսվում է 2025 թվականին ավարտել։
Ընթացիկ տարում անհետաձգելի համարվող ծրագրով ՀՀ կառավարության որոշումներով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 209 միլիոն 763 հազար դրամ, որի շրջանակներում վերանորոգվել են Ծովինարի միջնակարգ դպրոցը, Վարդենիսի բժշկական կենտրոնի և Սևանի բժշկական կենտրոնի մանկական մասնաշենքի տանիքները, Գավառ քաղաքի թվով 5 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքները, կառուցվում են Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի կոյուղագիծը և Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում ադրբեջանական հրետակոծության հետևանքով քանդված թվով 4 անհատական բնակելի տները, Վարսերի միջնակարգ դպրոցի երկու մասնաշենքերի և Վարդենիսի բժշկական կենտրոնի երկու հարկերի ջեռուցման համակարգերը։
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի համայնքներում 2023 թվականին գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրականացված աշխատանքների մասին» հարցի զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Անդրանիկ Ջրաղացպանյանը:
Ըստ բանախոսի՝ Գեղարքունիքի մարզի 2023 թվականի գյուղատնտեսական տարին համեմատաբար բարենպաստ էր: Ընդհանուր առմամբ, 2023 թվականին մարզում աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերից ստացվել է շուրջ 51758 տոննա հացահատիկ՝ նախորդ տարվա 29402 տոննա հացահատիկի դիմաց, որը ավել է 22356 տոննայով: 2022 թվականի 127065 տոննա կարտոֆիլի համախառն բերքի դիմաց 2023 թվականին ստացվել է շուրջ 131 665 տոննա համախառն բերք: Կուտակվել է շուրջ 135000 տոննա խոտ և 24327 տոննա ծղոտ, որը բավարար է՝ գյուղատնտեսական կենդանիների ձմեռացումն ապահով և անկորուստ անցկացնելու համար:
2023 թվականին կատարվել է 10233.5 հեկտար աշնանացան։
Մարզում առկա 78859 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներից համարակալվել է 68797 գլուխ: Աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են: Ժամանակին իրականացվել են անասնահամաճարակային միջոցառումներ, գյուղատնտեսական կենդանիների շրջանում համաճարակային դեպքեր չեն արձանագրվել:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջոցներով Սևանա լճի ափամերձ գոտիների ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում նախատեսված 28,5 հեկտար անտառմաքրման տարածքից մաքրվել էշուրջ 26 հեկտարը: Անտառածածկ տարածքների բացատներում իրականացվել են նախատեսված 5 հեկտար անտառապատում, որտեղ օգտագործվել են շուրջ 12 հազար 3-4 տարեկան տնկիներ:
2023 թվականին «Սևանի իշխան» ՓԲԸ-ի կողմից Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» տեսակի կենսունակ մանրաձկան երկու խմբաքանակներ՝ շուրջ 230.000 հատ:
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի՝ այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում ապաստանած ազգաբնակչությանը 2023 թվականի ընթացքում մատուցված առողջապահական ծառայությունների և սոցիալական ապահովության ոլորտում իրականացված աշխատանքների մասին» հարցի զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Ըստ բանախոսի՝ 2023 թվականին ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Գեղարքունիքի մարզի առողջապահական և սոցիալական համակարգի առջև, բացի առօրյա խնդիրներից, ծառացել են մի շարք մարտահրավերներ՝ կապված համավարակի, կարմրուկի, կապույտ հազի տարածումների հետ, որոնց կանխարգելման և բուժման ուղղությամբ կատարվել են որոշակի քայլեր։
2023 թվականին վերանորոգվել է 12 ԲՄԿ, սկսվել է Լճափի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի նոր շենքի կառուցումը, Ծովինարի բուժամբուլատորիայի կապիտալ վերանորոգումը, առողջապահական ձեռնարկությունները համալրվել են 26 բժիշկ մասնագետներով, ներդրվել է 11 նոր բուժծառայություն։ 2018 թվականին մարզի առողջապահական բյուջեն կազմել է 1 միլիարդ 848 մլն., որից 185,3մլն․վճարովի։ 2023 թվականին մարզի առողջապահական բյուջեն կազմել է 4 միլիարդ 663 միլիոն դրամ, որից վճարովի ծառայությունները կազմել են 713,6 միլիոն դրամ։ Բավական է ասել, որ մարզի առողջապահական բյուջեն 2018 թվականի համեմատ արդեն ավելացել է 2 միլիարդ 814 միլիոն 815 հազար դրամով։
2023 թվականի հունվարի վերջի դրությամբ մարզի առողջապահական հիմնարկներում հաշվառվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում ապաստան գտած 3857 անձ, իսկ «ԱՐՄԵԴ» համակարգում՝ 3344 անձ։ Գրանցվածներից հաշմանդամություն ունեն 196-ը։ Հաշվառված է 24 հղի։ Մարզի առողջապահական հիմնարկներում աշխատում են ԼՂ-ից տեղահանված 3 բժիշկ, 2 բուժքույր, 1 մայրապետ և 1 օպերատոր։ Առ այսօր մարզի բուժհիմնարկներում ամբուլատոր բուժշկական օգնություն և սպասարկում է ստացել ԼՂ- ից բռնի տեղահանված 1573, հիվանդանոցային բուժում՝ 130 անձ։
Անցած տարում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից 47միլիոն 580 հազար դրամ է տրամադրվել է 985 սոցիալապես անապահով և 273 բազմազավակ կարիքավոր ընտանիքների։ 19 միլիոն 985 հազար դրամ տրամադրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին։ Նրանց տրամադրվել է նաև սննդի, հագուստի, և հիգենիկ պարագաների փաթեթներ։
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի համայնքներում 2023 թվականին համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում կամավոր ատեստավորման մասնակցող մանկավարժների հետ իրականացված աշխատանքների մասին» հարցի զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը:
Ըստ բանախոսի՝ Գեղարքունիքի մարզի 5 համայնքների բնակավայրերում 2023 թվականին գործել է 53 մանկապարտեզ, որտեղ հաճախել են 4043 սան։ Մոբայլ մանկապարտեզ է գործում Դրախտիկ, Աղբերք և Ծափաթաղ բնակավայրերում, իսկ 2023 թվականից այլընտրանքային՝ նախադպրոցական կրթություն է իրականացվում Ծաղկունք, Գեղամավան, Նորաշեն և Շողակաթ բնակավայրերում:
2023 թվականին շահագործման է հանձնվել Վաղաշենի մանկապարտեզը՝ 77 սաներով:
2024 թվականին շինարարական աշխատանքները կշարունակվեն Աստղաձորի, Վարդենիսի, Հայրավանք-Բերդկունքի և մի շարք այլ բնակավայրերի մանկապարտեզներում, իսկ մի շարք այլ մանկապարեզներ էլ կբացեն իրենց դռները կառուցման կամ հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո։
2023 թվականին մարզում գործել են համայնքային ենթակայության 9 երաժշտական, 6 արվեստի, 3 գեղարվեստի դպրոցներ, 2 ստեղծագործական և 1 ուսուցողական կենտրոններ, 6 մարզադպրոցներ: Նշված հաստատություներից կամավոր ատեստավորման են մասնակցել 15-ից ավել մանկավարժական աշխատողներ և մարզիչ- մանկավարժներ: Պետք է նշել, որ ծրագրեր իրականացնող հաստատություններից կամավոր ատեստավորված մանկավարժական աշխատողներին և մարզիչ- մանկավարժներին լրավճար տրամադրվում է պետական, այլ ոչ թե համայնքային բյուջեի միջոցներից, ինչը ևս շահագրգռող միջոց է համայնքապետարանների և նրանց ենթակայությամբ գործող արտադպրոցական կառույցների համար:
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի համայնքներում 2023 թվականի ընթացքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության, համայնքային ծառայողների և ՀՈԱԿ-ների տնօրենների պաշտոնի համար հայտարարված մրցույթների, աղբահանության կազմակերպման և աղբավայրերի կառավարման ընթացիկ վիճակի մասին» հարցի զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը:
Ըստ բանախոսի՝ 2023 թվականի ընթացքում ըստ ժամանակացույցի ուսումնասիրություններ կատարվել են մարզի Վարդենիս, Ճամբարակ, Գավառ և Սևան համայնքներում: Արձանագրվել են 48 թերություններ։ Կազմվել են համապատասխան արձանագրություններ և առաջարկվել են համայնքների ղեկավարներին՝ սահմանված ժամկետներում շտկել թերությունները և ձեռնարկել միջոցներ՝ հետագայում նմանատիպ բացթողումները և թերությունները չկրկնելու պայմանով: Թերություններն արձանագրվել են հողօգտագործման, զորահավաքային նախապատրաստության, ֆինանսական, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության, ճանապարհաշինության, քաղաքաշինության, տեղական ինքնակառավարման ոլորտներում։
2023 թվականին մարզի համայնքներում հայտարարվել են համայնքային ծառայության 179 մրցույթներ, պաշտոնի են նշանակվել 146 համայնքային ծառայողներ։ 33 հայտարարված մրցույթները չեն կայացել՝ դիմողներ չլինելու պատճառով։ Հայտարարվել է 41 ՀՈԱԿ-ների տնօրենների մրցույթներ, պաշտոնի նշանակվել են 34 տնօրեններ։ 7 հայտարարված մրցույթները չեն կայացել՝ դիմողներ չլինելու պատճառով։
2023 թվականին մարզի 5 համայնքներում 6 կոմունալ ՀՈԱԿ-ները աղբահանությունն իրականացվել է 34 ավտոմեքենաների միջոցով, 1350 միավոր աղբարկղերով և աղբը տեղափոխվել է մարզի 17 աղբավայրեր։
2023 թվականի ընթացքում մարզի համայնքներում զգալի աշխատանքներ են կատարվել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում, ավելացել են վարձավճար վճառող քաղաքացիների և տնտեսվարող սյուբեկտների թիվը։
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից 2023 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների մասին» հարցի զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մարինե Գյարզոյանը:
Բանախոսի ներկայացմամբ՝ 2023 թվականի դրությամբ գործող իրավական ակտերի համաձայն՝ նախապատրաստվել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հաստատմանն է ներկայացվել 457 որոշման նախագիծ: ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության տակ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների, մշակութային հաստատությունների և առողջապահական հիմնարկների,տնօրենների հետ կնքվել է 67 աշխատանքային պայմանագիր: Կազմակերպվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության տակ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և առողջապահական հիմնարկների տնօրենների կարգապահական տույժերի ծանուցումները և որոշման 30 նախագծերը ներկայացվել հաստատման։ 2023 թվականին նախապատրաստվել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի հաստատմանն է ներկայացվել 1194 հրամանի նախագիծ: ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում առկա թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարվել է 12 մրցույթ, որի արդյունքում 5-ը համալրվել է: Կատարվել է քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատականների մուտքագրում տեղեկատվական հարթակ, որի հիման վրա կազմակերպվել է մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը: ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում կատարող աշխատակիցների հետ կնքվել է 17 աշխատանքային պայմանագիր: Մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների նկատմամբ նշանակվել է 2 ծառայողական քննություն, ծառայողական քննության արդյունքում 3 քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: Աշխատանքները ժամանակին և որակյալ իրականացնելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աշխատողները խրախուսվել են, ինչի արդյունքում նախապատրաստվել է պարգևատրման 55 հրամանի և որոշման նախագիծ:
2023 թվականին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքով հրապարակվել է Գեղարքունիքի մարզպետի կողմից ընդունած 738, համայնքների ղեկավարների կողմից՝ 8004, համայնքների ավագանիների կողմից՝ 1004 որոշում։ Նույն կայքի և մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջի միջոցով հրապարակվել է 560 տեղեկատվական բնույթի նյութ, որոնցում արտացոլվել են Գեղարքունիքի մարզպետի կողմից սուբվենցիոն և հրատապ ծրագրերի դիտարկումները, մարզպետի կողմից մարզի համայնքներ, մարզային ենթակայության առողջապահական հիմնարկներ, կրթամշակութային հաստատություններ կատարած աշխատանքային այցերը, մարզպետի հանդիպումները, քննարկումները, խորհրդակցությունները, նիստերը, ուղերձները, մարզի խորհրդի նիստերը, քաղաքացիների ընդունելությունները և այլ թեմաներ։
Նույն հարթակների միջոցով հրապարակվել է 850 հայտարարություն՝ մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների, մարզային ենթակայության կրթական և առողջապահական հաստատություններում, ՀՈԱԿ-ներում առաջացած թափուր պաշտոնների, հողատարածքների վարձակալման և այլ թեմաների վերաբերյալ։
Տարբեր կազմակերպություններից, լրատվամիջոցներից, սոցիալական հարթակներից մարզպետի աշխատակազմ ստացվել և պաշտոնական կայքում հրապարակվել է 30 հարցում՝ իրենց պատասխաններով, ֆեյսբուքյան էջի փոստի միջոցով ստացվել և պատասխանվել է 85 քաղաքացու առցանց հարցման։
Հրատարակվել է «Գեղամա աշխարհ» մարզային թերթի 29 համար, «Արմենպրես» լրատվական գործակալության միջոցով թողարկվել է 600 մարզային նշանակության տեղեկատվական նյութ, համագործակցություն է ծավալվել մարզային և հանրապետական տարբեր զանգվածային լրատվամիջոցների հետ։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում քաղաքացիներից ստացված առաջարկությունների, դիմումների և բողոքների թիվը կազմել է 1779, որից 166-ը վերահասցեագրվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմից: 1779 դիմումներից բավարարվել է 1047-ը, մերժվել 128-ը, պարզաբանում է տրվել 333-ին, վերահասցեագրվել է 271-ը։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի, մարզպետի տեղակալի, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի և ստորաբաժանումների ղեկավարների կողմից կատարվել Է 1228 քաղաքացիների ընդունելություն։
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանն իր գոհունակությունը հայտնեց 2023 թվականին մարզպետի և համայնքապետարանների աշխատակազմերի կողմից իրականացված աշխատանքների արդյունքներից։
«Առաջին հերթին ուրախացնում է այն, որ համայնքների բյուջեների սեփական եկամուտներն ամբողջությամբ կատարվել ու գերակատարվել են։ Գոհացուցիչ է և այն հանգամանքը, որ առաջընթաց է նկատվում բոլոր ոլորտներում, արդեն ունենք տեսանելի ու հստակ արդյունքներ, որոնք մեզ թույլ են տալիս՝ ավելի վստահ քայլերով առաջ շարժվելու։ Իհարկե, այս ամենը համագործակցված ու համատեղ, քրտնաջան աշխատանքի արդյունք է, որը պետք է նույն տեմպերով ու շատ ավելի եռանդով շարունակենք 2024 թվականի ընթացքում, որտեղ ունենք հսկայական ծավալի ծրագրեր ու չափից շատ անելիքներ։ Հուսով եմ, որ մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները և աշխատանքային նոր հաջողություններ ու ձեռքբերումներ կարձանագրենք այս տարվա ընթացքում»,-նշեց Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52