Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առողջության առաջնային պահպանման օղակն օպտիմալացվում է

26.01.2024

Հունվարի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների հետ՝ ներկայացնելով առողջության առաջնային պահպանման օղակի օպտիմալացման մոդելը, ինչի արդյունքում բուժհաստատությունները կվերազինվեն և անհրաժեշտության դեպքում նաև կվերանորոգվեն: Նշված թեմայի շուրջ տեղի ունեցավ ծավալուն քննարկում և հարց ու պատասխան:
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին նաև աշխատանքային կարգապահության, փաստաթղթաշրջանառության ճիշտ վարման, հաշվետվությունների ներկայացման, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հաշվառման, ուղեգրող հանձնաժողովի դիմումները մարզպետի մոտ քննարկելու, անաշխատունակության թերթիկների տրամադրման, ճամբարների և առողջարանների ուղեգրման համար ներկայացվող փաստաթղթերի ամբողջական լրացման, թափուր հաստիքները օրենքով սահմանված կարգով համալրելու, բուժհմնարկներում հաշմանդամների համար պայմաններ ապահովելու, դպրոցներում համաճարակային ֆիլտրի ճիշտ կազմակերպման, սեզոնային գրիպի դեմ պատվաստումների, առաջնահերթ նշանակության այլ խնդիրների կարգավորման հետ կապված հարցերը։
Ներկայացնելով մարզպետի աշխատակազմի կողմից արձանագրված աշխատանքային կարգապահության խախտումները և մասնագիտական գործունեության ընթացքում նկատված թերացումները՝ մարզպետը հրահանգեց բուժհիմնարկների տնօրեններին՝ աշխատանքների հանդեպ դրսևորել խիստ պատասխանատվություն, իրենց դիմած քաղաքացիների հանդեպ՝ բավարար հոգածություն ու մասնագիտական անհրաժեշտ հմտություններ, անթերի կատարել օրենքով սահմանված կարգով իրենց առջև դրված բոլոր պարտականությունները։
«Մարզի առողջպահական համակարգի գերբեռնված վիճակը թելադրում է հետևողական, նպատակասլաց, հաշվենկատ, պարտաճանաչ աշխատանք։ Պետք է հաշվի առնեք, որ ձեր կողմից ցանկացած կարգապահական խախտում, մասնագիտական թերացում, սխալ որոշում, անհաշվենկատ քայլ բերելու են անցանկալի հետևանքների, մարդկանց կողմից ընդգծված դժգոհությունների ու բողոքների, որոնք անարձագանք չեն մնալու։
Հասկանալի է, որ մեր անելիքները չափազանց ծավալուն են, դժվար ու աշխատատար՝ շուրջօրյա ռեժիմով, սակայն դրանք պարտավոր ենք հաղթահարել մեր համատեղ ու ջանադիր աշխատանքով»,-խորհրդակցությունն ամփոփեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52