Նորություններ
Պարույր Սևակը դարձավ 100 տարեկան
24.01.2024
Հունվարի 24-ին լրացավ հայ մեծանուն բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի ծննդյան
100 ամյակը։
Պարույր Սևակն այն բացառիկ ու շնորհաշատ հայ մտավորականներից է, ում ստեղծագործությունները նոր հուն են բացել հայ և համաշխարհային գրականության մեջ, նոր բարձունքների հասցրել ազգային ու համամարդկային գրական արժեքները, հարստացրել ու շքեղացրել մայրենի լեզուն, անուրանալի դեր խաղացել հայ ժողովրդի հավաքական համախմբվածության և համահայկական նպատակների իրականացման գործում։
Նրա բեղուն գրիչն անդադար մաքառել է ազգային ոգու և համամարդկային գաղափարների պահպանման ու զարգացման, ազնվության ու արդարության փառաբանման, բռնությունների ու ցեղասպանությունների, անարդարություննների ժխտման ու դատապարտման, մարդկային կերպարի, ճշմարտության անվերջ որոնման և բացահայտման համար։
Նրա բոլոր ստեղծագործությունները, գրեթե առանց բացառության, նույնիսկ ավելի քան կեսդարյա հեռավորությամբ, դարձել են հայ ժողովրդի հոգևոր սեփականությունը և սրտի գիրքը։
Պարույր Սևակն արժանիորեն դասվում է հայ գրակության մեծերի՝ Նարեկացու, Քուչակի, Եղիշե Չարենցի, Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակայանի, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Դանիել Վարուժանի, այլ ականավոր բանաստեղծների շարքին։
Նա միշտ ապրում է և կապրի հայ սերունդների հիշողության մեջ։
Այս օրերին Պարույր Սևակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթներ են կազմակերպվում Գեղարքունիքի մարզի կրթամշակութային հաստատություններում։