Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

22.01.2024

Հունվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ հրավիրված հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվեցին առաջնահերթ ու կարևոր խնդիրներ, որոնց կարգավորման շուրջ նախորդ խորհրդակցությանը հանձնարարականներ էին տրվել մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին։
Մարզպետին զեկուցվեց 6 հարց՝ 60-ից ավելի ենթահարցերով, որոնք հիմնականում առնչվում են կրթության, առողջապահության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների կառավարման, ֆինանսական, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, ծրագրերի իրականացման, տեղեկատվության ու այլ ոլորտներին։
Առանձնակի անդրադարձ եղավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության հիմնախնդիրների կարգավորման ընթացքին։ Ստորաբաժանումների ղեկավարների ներկայացմամբ՝ մարզպետի աշխատակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում են գտնվում դպրոցական ու նախադպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ներգրավելու, Սևան համայնքում բնակվող դպրոցահասակ երեխայի բուժման ընթացքի, պետության կողմից սոցիալական աջակցությունների տրամադրման, նպաստների և թոշակների վճարման, փաստաթղթային անճշտությունների ուղղման, Ճամբարակ համայնքում նախորդ տարեվերջին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի այցելության ժամանակ ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչների կողմից բարձրացված հարցերի հետ կապված խնդիրների կարգավորումը։
Խոսվեց նաև համայնքների բյուջեների սեփական եկամուտների ամբողջական հավաքագրման, 2024 թվականի բյուջեների հաստատման, ֆոնդային բյուջե ուղղված գումարների, ապառքների գանձման, աղբահանության պայմանագրերի կնքման, աղբավայրերի կառավարման, աղբահանության գումարների ճիշտ պլանավորման հարցերի շուրջ լիարժեք տեղեկատության տրամադրման մասին։
Ներկայացվեցին կատարված հանձնարարականները մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության ծավալման, ճանապարհների ամառային և ձմեռային պահպանության ու սպասարկման, ապօրինի գովազդային վահանակների ապամոնտաժման, Մարտունու ԲԿ և Զոլաքարի մանկապարտեզի նորառույց շենքերի շահագործման, քաղաքաշինական ու ենթակառուցվածքների կառավարման ոլորտի բազմաբնույթ հարցերի շուրջ։
Մարզպետ Կարեն Սարգսյանն առաջարկեց՝ այս պահից քայլեր ձեռնարկել նախատեսվող բոլոր կրթական, առողջապահական կամ այլ նշանակության հաստատությունների նորակառույց շենքերը համապատասխան ենթակառուցվածքներով ապահովելու ուղղությամբ։
«Բնական է, որ նորակառույց բոլոր շենքերը պետք է ապահովվեն բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Դրա համար անհրաժեշտ է սուբվենցիոն ծրագրերի հայտերում ընդգրկել բոլոր այն ճանապարհները, ջրագծերը, գազատարները, այլ կոմունիկացիաները, առանց որոնց անհնար է պատկերացնել տվյալ կառույցի շահագործումը»,- շեշտեց Կարեն Սարգսյանը։
Մարզպետին տեղեկատվություն ներկայացվեց նաեւ 2021-2023 թվականներից 2024 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի, 2024 թվականին Միջգերատեսչական հանձնաժողով ներկայացված սուբվենցիոն ծրագրային հայտերի մասին։ Համաձայն ներկայացված տեղեկատվության՝ 2021-2023 թվականներից 2024 թվական է տեղափոխվել սուբվենցիոն 107 ենթածրագիր՝ 7,9 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 2024 թվականին համայնքներից ներկայացված 31 ծրագրային հայտերով նախատեսվում է իրականացնել 150 ենթածրագիր՝ 12 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, որից 7 միլիարդ 300 միլիոն դրամը կկազմի պետության, 4 միլիարդ 700 միլիոն դրամը համայնքների մասնաբաժինը։
Քննարկում ծավալվեց նաեւ առողջապահական առաջնային պահպանման հիմնարկների օպտիմալացման, բուժամանկաբարձական կետերի օգտագործվող տարածքների համար համապատասխան պայմանագրերի կնքման, քաղաքացիական պաշտպանության 2024 թվականի պլանների ճշգրտման, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների 2023 թվականի տարեկան աշխատանքային հաշվետվության ներկայացման, այլ գերատեսչությունների պատվիրատվությամբ Գեղարքունիքի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքի, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի նպատակային օգտագործման, առաջնահերթ ու կարևոր նշանակության այլ հարցերի շուրջ։
Խորհրդակցության արդյունքում առանձնացվեց այն հարցերի շրջանակը, որն օրակարգային կդառնա այս տարվա մարզի խորհրդի անդրանիկ նիստի համար։ Այն կհրվիրվի 2024 թվականի հունվարի 31-ին։
«Քննարկվող հարցերի շրջանակը ոչ միայն ընդգրկուն է, այլ նաև չափազանց կարևոր՝ մեր առջև ծառացած բազմաբնույթ հիմնահարցերը կարգավորելու տեսանկյունից։ Իսկ դա իր հերթին պահանջում է մշտական, հետևողական ու համագործակցված աշխատանք։ Ընդ որում, համագործակցված աշխատանքը պետք է ծավալվի ոչ միայն համայնքների, պետական այլ գերատեսչությունների, շահագրգիռ կառույցների հետ, այլ նաև մարզպետարանի ստորաբաժանումների ներսում, որպեսզի բոլոր աշխատանքներն ընթանան ներդաշնակ ու հարթ, իրականացվեն սահմանված ժամկետներում։ Իրոք, հսկայական են մեր անելիքները կենսագործուներության գրեթե բոլոր ոլորտներում, մեծ ջանքեր պահանջող, որոնք կարող ենք հաղթահարել միասնական ուժերով, պարտքի գիտակցումով ու մասնագիտական կարողություններով»,-խորհրդակցությունն ամփոփեց Կարեն Սարգսյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52