Նորություններ
ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում
22.01.2024
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է 6-րդ փողոցը, կառուցվել խմելու և ոռոգման ջրատար ցանցեր։
Սուբվենցիոն երեք ծրագերի իրականացման համար կատարված ներդրումները կազմել են 122 միլիոն 287 հազար 900 դրամ, որից 72 միլիոն 824 հազար 530 դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 49 միլիոն 463 հազար 370 դրամը՝ Մարտունու համայնքապետարանը։
Արծվանիստի 6-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 63 միլիոն 885 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Արծվանիստի միջնակարգ դպրոց տանող 6-րդ փողոցն ասֆալտապատվել է 750 մետր երկարությամբ և շուրջ 3500 քառակուսի մետր մակերեսով, տեղադրվել ջրահեռացման համակարգ։
Արծվանիստի ոռոգման ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 33 միլիոն 689 հազար 470 դրամ, որի 70 տոկոսը ՀՀ կառավարության, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։
Ծրագրի իրականացման արդյունքում Արծվանիստ բնակավայրի 20-րդ փողոցում կառուցվել է 970 մետր երկարության ոռոգման ջրատար՝ երկաթբետոնյա կիսախողովակներով, 32 ջրթող, 12 անկյունային հոր։
2024 թվականին այս ծրագրից արդեն կօգտվի շուրջ 100 տնտեսություն, ոռոգելի է դարձել 20 հեկտար հողատարածք։
Արծվանիստի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 24 միլիոն 713 հազար 430 դրամ, որի 70 տոկոսը ՀՀ կառավարության, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։
Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 2568 մետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց՝ նախկին ազբեստյա խողովակները պոլիէթիլենային խողովակներով փոխարինելու միջոցով։ Արծվանիստի շուրջ 700 տնտեսություններ արդեն օգտվում են շուրջօրյա և որակյալ ջրամատակարարումից։