Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատություններում շարունակվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների գործընթացը

16.01.2024

Վերջին շրջանում նկատվող սուր շնչառական վարակների, մասնավորապես սեզոնային գրիպի տարածմամբ պայմանավորված, ակտիվացել է տարբեր տարիքի քաղաքացիների դիմելիությունը և հոսպիտալացումը բժշկական հաստատություններ։
Իրավիճակի հետագա բարդություններից խուսափելու նպատակով Գեղարքունիքի մարզի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից կատարվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների գործընթացը՝ ինչպես բուժհաստատություններում, այնպես էլ արտագնա եղանակով։
Պատվաստումներին զուգընթաց մարզի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից բնակչության շրջանում իրականացվում են նաև իրազեկման աշխատանքներ՝ պատվաստումների կարևորության, հետագա բարդություններից խուսափելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների մասին։
«Մարզի բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ընդունարաններին կից ձևավորվել են մեկուսարաններ՝ գրիպով և այլ սուր շնչառական վարակներով պացիենտներին մեկուսացնելու և համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար։ Սեզոնային գրիպի դեմ պատվաստումների գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, շաբաթ և կիրակի օրերին բուժհիմնարկներում սահմանվում են նաև հերթապահություններ, իսկ բուժանձնակազմի զգոնությունը բարձրացնելու նպատակով հաճախակի կազմակերպվում են քննարկումներ՝ սուր շնչառական վարակներով պացիենտների վաղ հայտնաբերման, ախտորոշման և վարակի կանխարգելման ուղղությամբ», - տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Այս պահի դրությամբ Գեղարքունիքի մարզում սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 7594 քաղաքացի, հունվարի 16-ին արտագնա պատվաստում իրականացվեց նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աշխատակիցների շրջանում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:28:11