Նորություններ
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է 2023 թվականի գործունեությունը
10.01.2024
2023 թվականի գործունեությունն ամփոփելու նպատակով հունվարի 9-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում։
Ամփոփմանը ներկա են եղել մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը։
Մարզային փրկարարական վարչության կողմից 2023 թվականի ընթացքում կատարած հիմնական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես է եկել ՄՓՎ պետ Գևորգ Գալստյանը։
Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Գ․Գալստյանն ամփոփելով անցնող տարին զեկուցել է, որ մարզում 2023 թվականին գրանցվել է 668 դեպք-պատահար, որն անցած տարվա համեմատ նվազել է 95-ով։ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 83676 զանգ, որից հրդեհների առաջացման վերաբերյալ՝ 202 դեպք։
Գեղարքունիքի ՄՓՎ նախաձեռնությամբ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից կառուցվել են 5 շարժական դիտաշտարակ, որոնք լողասեզոնի ընթացքում տեղադրվել են Սևանի թիվ 1, թիվ 2, թիվ 3 և Շորժա բնակավայրի քաղաքային լողափին հարակից փրկարարական հենակետերում։
Ողջ լողասեզոնի ընթացքում հանրային լողափերում և հարակից գոտիներում ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ անձնակազմի կողմից թռուցիկներով, բարձրախոսներով և ԱԹՍ-ներով պարբերաբար իրականացվել են բնակչության իրազեկման աշխատանքներ։ Ամենօրյա աշխատանքներ են տարվել փրկարարական ուժերի և տեխնիկայի մշտական մարտական պատրաստականության պահպանման ուղղությամբ։
Զեկույցում նշվել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցության արդյունքում մի շարք բնակավայրերում ավելացել են հիդրանտներ և շչակներ:
Ամփոփման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանն ու քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր:
ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալին ներկայացվել է տարվա ընթացքում մարզային փրկարարական վարչության կողմից իրականացված տարաբնույթ աշխատանքները՝ ծառայության կազմակերպման և իրականացման, անձնակազմի պատրաստականության ուղղությամբ։ Նաև բարձրացվել են մի շարք հարցեր առկա խնդիրների և բացթողումների վերաբերյալ։
Ամփոփելով վարչության աշխատանքը՝ Ե․ Կարապետյանն անդրադարձել է ծառայության կազմակերպման օրակարգին՝ կարևորելով հատկապես մասնագիտական բարձր պատրաստվածությունը։ Գնդապետը հանձնարարել է շարունակական և հետևողական աշխատանք տանել անձնակազմի պատրաստվածության բարձրացման, մասնագիտական գիտելիքների բարելավման ուղղությամբ։
Տնօրենի տեղակալը նախանշել է 2024 թվականի հիմնական միջոցառումները և անելիքները՝ ներկայացնելով, որ աշխատանքներ են տարվում տեխնիկայի արդիականացման, շենքային պայմանների բարելավման և անհրաժեշտ գույքային ապահովման ուղղությամբ, որոնք հնարավորություն կտան վերազինել մարզային ստորաբաժանումը:
#ՀՀՆԳՆՓրկարարծառայություն