Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

31.12.2023

Սիրելի հայրենակիցներ, քիչ անց մենք կբաժանվենք 2023 թվականից, որի ընթացքում ունեցանք ինչպես ծանր կորուստներ ու դժվարին իրավիճակներ, այնպես էլ՝ նկատելի տնտեսական հաջողություններ ու ձեռքբերումներ։
Անցնող տարին մեր հայրենիքի համար չափազանց ծանր ընթացք ունեցավ աշխարհաքաղաքական զարգացումների ու արտաքին մարտահրավերների առումով, ինչի արդյունքում լիովին հայաթափվեց հազարամյակներ ի վեր հայության շնչով ապրող Լեռնային Ղարաբաղը, բռնի տեղահանվեցին ու հայրենազրկվեցին հարյուր հազարից ավելի մեր քույրերն ու եղբայրները, թշնամու դեմ մղված անհավասար մարտերում զոհվեցին հարյուրավոր քաջ հայորդիներ, Ստեփանակերտի մերձակայքում վառելիքի լիցքավորման կետում տեղի ունեցած պայթյունին զոհ գնացին ավելիք քան 200 խաղաղ բնակիչներ։
Այդ ողբերգական ու դաժան փորձության ժամին հայրենի պետությունն ու ժողովորդը դրսևորեցին չափազանց անհրաժեշտ ու անքակտելի միասնություն՝ գրկաբաց ընդունելով, սատարելով ու պատսպարելով բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
Արվեց ամեն հնարավորը՝ ազգային ատելության հողի վրա տունուտեղ, ամեն ինչ կորցրած հայ մարդկանց բնականոն կյանքն ապահովելու, նրանց բնակարանային, կենցաղային, սոցիալական, կրթական, առողջապահական, որոշ դեպքերում նաև զբաղվածության հոգսերը հոգալու համար։ Եվ այժմ համոզված կարող եմ ասել, որ թշնամական ագրեսիայի ենթարկված, հոգեբանական ծանր ապրումներ կրած մեր եղբայրներն ու քույրերը իրենց զգում են հարազատ մարդկանց շրջապատում, հայրենի հողի վրա, միանգամայն պաշտպանված, մեր կյանքի ընթացքին ինտեգրված։
Լիահույս եմ նաև, որ մեր մարզում բնակվելու ցանկություն հայտնած ավելի քան 4 հազար արցախցիներ իրենց կարողություններն ու ջանքերը կներդնեն մեր մարզի տնտեսական, կրթամշակութային, առողջապահական, կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում։ Իսկ մեր հաջողություններն ու ձեռքբերումները կապված են մեծածավալ ներդրումների, սոցիալ-տնտեսական զգալի առաջընթացի եւ զարգացման հետ։
Բավական է ասել, որ 2023 թվականին մարզում կապիտալ ներդրումները կազմել են շուրջ 25 միլիարդ դրամ, որից շուրջ 11 միլիարդ 500 միլիոն դրամը ծախսվել է ճանապարհաշինության ոլորտում, ինչի արդյունքում հիմնանորոգվել կամ միջին նորոգման են ենթարկվել միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ՝ շուրջ 76,5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Սուբվենցիոն կամ պետական այլ ծրագրերով կառուցվել է 140 կիլոմետր երկարության խմելու, 33 կիլոմետր 662 մետր ոռոգման ջրատարների արտաքին ու ներքին ցանցեր ու ջրամատակարարման համակարգեր, 88 կիլոմետր 930 մետր երկարության արտաքին լուսավորության ցանց, 2400 գծամետր երկարության գազատար, սալարկվել 11 869 քմ երկարության փողոցներ և մայթեր, հիմնանորոգվել բազմաբնակարան 15 շենքերի տանիքներ։ Ավարտվել կամ ավարտական փուլում են գտնվում Վաղաշենի, Գավառի թիվ 7, Սարուխանի թիվ 1, Վարդենիկի, Զոլաքարի և Ճամբարակի թիվ 5 մանկապարտեզների շինարարական աշխատանքները։
Շարունակվել են Գեղհովիտի թիվ 2, Ներքին Գետաշենի թիվ 1, Ջիլի, Շատջրեքի միջնակարգ, Ճամբարակի թիվ 1, Լեռնակերտի հիմնական դպրոցների, Գագարինի, Վերին Գետաշենի և Ակունքի միջնակարգ դպրոցների մարզադահլիճների, Աստղաձորի և Վարդենիսի բանավան թաղամասի, Բերդկունք-Հայրավանք բնակավայրերի մանկապարտեզների, Լճափի բուժամբուլատորիայի շինարարական աշխատանքները, որոնք կընթանան նաև 2024 թվականի ընթացքում։
Շահագործման հանձնվեց Մարտունու բժշկական կենտրոնի նորակառույց ու տեխնիկապես հագեցած շենքը, որի շնորհիվ արդեն Մարտունի համայնքի ու հարևան բնակավայրերի ավելի քան 100 հազար բնակիչներ արդի չափորոշիչներին համապատասխանող բուժսպասարկումից օգտվելու հնարավորություն ունեցան։ Բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումն արժեցել է շուրջ 2 միլիարդ 232 միլիոն դրամ։
Իրականացված մեծածավալ ներդրումների և շինարարության շնորհիվ Գեղարքունիքի մարզում լուծում են ստացել տասնամյակներ ի վեր կուտակված բազմաթիվ հիմնախնդիրներ։ էապես բարելավվել են բնակչության կենսապայմանները, հզորացվել ու արդիականացվել ենթակառուցվածքները, ստեղծվել են նոր աշխատատեղեր, նվազել է գործազրկությունն ու աղքատությունը։
Մեզանում շատ կարևոր ու հաճելի նորություն էին պարեկային, ինչպես նաև ջրային պարեկային ծառայությունների ստեղծման քայլերը, որոնց շնորհիվ ամրապնդվել ու բարձրացել է հասարակական կարգի պահպանության, պետական ու մասնավոր սեփականության պաշտպանության արդյունավետությունը։
Ի ուրախություն բոլորիս, ուզում եմ հավաստել, որ 2024 թվականին ևս մեզ սպասում են հայրենաշեն նոր ծրագրեր ենթակառուցվածքների զարգացման, հանրակրթության, առողջապահության, գյուղատնտեսության, կապիտալ շինարարության և այլ ոլորտներում։ Իսկ արձանագրված ձեռքբերումներն ու հաջողությունները մեզ համար կայուն հիմք են ստեղծում՝ կենսական նշանակության նոր ծրագրեր կյանքի կոչելու, մեր մարզի հետագա զարգացումն ու առաջընթացն ապահովելու համար։
Մեր պետության, հայրենիքի, մեր ժողովրդի համար բախտորոշ այս ժամանակներում, տարեմուտին ընդառաջ, ջերմորեն շնորհավորում եմ Գեղարքունիքի մարզի բոլոր ընտանիքների, մեր սահմաններին անսասան կանգնած զինվորների ու սպաների, մեր մարզում բնակություն հաստատած արցախցի մեր եղբայրների ու քույրերի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթում քաջառողջություն, երկար տարիների անհոգ ու խաղաղ կյանք, խաղաղություն, հզոր ու ծաղկուն հայրենիք, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Աստված թող պահապան լինի բոլորիս։
Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52