Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղան Ճամբարակ համայնքում

28.12.2023

Դեկտեմբերի 27-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակ համայնքում հանդիպեցին 2023 թվականի սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված ու Ճամբարակ համայնքում կեցավայր ընտրած անձանց հետ։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Ճամբարակի համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, վարչական ղեկավարներ։
Բացելով հանդիպումը՝ մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի այցի հիմնական նպատակը տեղում բռնի տեղահանված արցախցի ընտանիքների մոտ առկա խնդիրների քննարկումն ու կարգավորումն է, արցախցիների կողմից ներկայացվող առաջարկությունների արձանագրումը, հրատապ հարցերի ներկայացումը և առաջիկա անելիքների հստակեցումը։
Այնուհետև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ողջունեց բռնի տեղահանվածներին, նրանց ցանկությունը՝ մնալ և ապրել Ճամբարակ համայնքում։
Փոխվարչապետը ներկայացրեց մինչ այս կառավարության կողմից մեկնարկած աջակցության ծրագրերը, հետաքրքրվեց՝ դրանցից դուրս մնացողներ եղել են, թե ոչ, ապա խոսեց նաև առաջիկայում կառավարության երկարաժամկետ ծրագրերից՝ ընդգծելով, որ այդ ծրագրերում առաջնահերթը լինելու է բնակարանային ապահովման հարցը։
«Առաջիկայում բնակարանային ապահովության ծրագրի հարցերի մասին մեր վերջնական մոտեցումը կձևավորենք։
Կարծում եմ՝ մինչև փետրվար ամսվա ավարտը կտեղեկացնենք, թե դա ինչ եղանակով պետք է տեղի ունենա։ Շատ կարևոր է, որ ընտանիքների հիմնական մասն արդեն գտել են ժամանակավոր բնակվելու տեղ։ Հուսով ենք, որ այն պայմանները, որ առաջիկայում կառաջարկվեն կառավարության աջակցության ծրագրերում՝ էապես ավելի մեծ հնարավորություններ կպարունակեն ձեզ համար: Մի բան հստակ է՝ ամեն ընտանիք պետք է կարողանա իր տունն ունենալ Հայաստանում»,-նշեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Հանդիպման երկրորդ հատվածում եղան հարցուպատասխաններ, որի ժամանակ բռնի տեղահանվածները ղեկավար այրերին ուղղեցին իրենց հուզող բոլոր հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին աջակցության ծրագրերից օգտվելու հետ կապված տեխնիկական խնդիրներին, փաստաթղթերի անճշտություններին, ինչպես նաև կենսաթոշակ և նպաստ ստանալուն։
«Մեկ բան հստակ է՝ մենք տրամադրված ենք ամեն ինչ անել, որ բավարար պայմաններ ստեղծենք, որ դուք մնաք ու ապրեք Հայաստանում։ Ուզում ենք մեր քննարկումների արդյունքում այնպիսի որոշում ունենալ, որն իսկապես իր արդյունքը կտա, և այս ծանր փորձություններից հետո դուրս կգաք ու ավելի հարմարավետ պայմաններով կկարողանաք շարունակել ձեր կյանքը, ապրելակերպը, կամ այն ուղղություններով աշխատանքը, որը դուք կնախընտրեք»,- հանդիպումը եզրափակեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52