Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակ համայնքում 2023 թվականին իրականացվում են 532 միլիոն 852 հազար դրամի սուբվենցիոն ծրագրեր

21.12.2023


Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում 2023 թվականին, ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի, իրականացվում են 532 միլիոն 852 հազար դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից 317 միլիոն 874 հազար դրամը կազմում է ՀՀ կառավարության, 214 միլիոն 978 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանի ներդրումը։
Հանրային կարեւոր նշանակության է համարվում
Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիրի կառուցման ծրագիրը
Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման ծրագիրը
Վերին Ճամբարակ թաղամասում մանկական խաղահրապարակի կառուցման ծրագիրը։

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ճամբարակցիներին նվիրված հուշահամալիրի կառուցման եւ «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման ծրագրի իրականացման նախագծանախահաշվային արժեքը կազմում է 97,5 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է հուշապատի կառուցում, տարածքի սալիկապատում, լուսավորության ցանցի անցկացում, ցայտաղբյուրների եւ նստարանների տեղադրում, տարածքի բարեկարգում։ Հուշապատի վրա պատկերվում է Ճամբարակ համայնքի վարչական քարտեզը, իսկ հուշահամալիրի տարածքում տեղադրվում է «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակը։

Հուշահամալիրը զբաղեցնում է 1400 քառակուսի մետր մակերես։
2023 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ հուշահամալիրի կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, իսկ «Տոռնադո» հուշարձան-քանդակի աշխատանքները կիրականացվեն 2024 թվականի ընթացքում։

Ճամբարակի բազմաբնակարան շենքերի 3 շենքերի բակային տարածքների ասֆալտապատման ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմում է 68 միլիոն 230 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։


Ծրագրով նախատեսված է Տիգրան Մեծի 6, 8, Պարույր Սեւակ-12 հասցեների բազմաբնակարան շենքերի բակային տարածքների, ինչպես նաեւ Բաղրամյան եւ Պարույր Սեւակ փողոցներն իրար միացնող ճանապարհի ասֆալտապատում՝ շուրջ 2500 քառակուսի մետր մակերեսով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից եւ նույն տարվա դեկտեմբերի 20-ի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։

Վերին Ճամբարակի մանկական խաղահրապարակի վերակառուցման եւ Ճամբարակի կենտրոնական զբոսայգու բարեկարգման ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմում է 14 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է խաղահրապարակի, ճեմուղու, ցանկապատի կառուցում, նոր խաղարանների տեղադրում, Ճամբարակի կենտրոնական զբոսայգու բարեկարգում։
Շինարարական աշխատանքները սկսվել են 2023 թվականի հուլիսից եւ նույն տարվա նոյեմբերի վերջի դրությամբ արդեն հասցվել են ավարտի։

Բացի վերը նշված ծրագրերը, Ճամբարակ համայնքի մի շարք բնակավայրերում 2023 թվականի ընթացքում իրականացվում են նաեւ խմելու ջրագծերի, ոռոգման համակարգերի, լուսավորության ցանցերի կառուցման, ճանապարհի սալարկման, համայնքի վարչական շենքերի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 335 միլիոն 112 հազար 552 դրամ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03