Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2022 թվականի սեպտեմբերյան պատերազմում հերոսացած Հենրիկ Հարությունյանն այսօր կդառնար 21 տարեկան

15.12.2023

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղի գերեզմանատանը տեղադրվեց եւ բացվեց Հայոց բանակի զինծառայող, 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմում հերոսացած Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանի Փառքի հուշատախտակը։
Միջոցառումը համընկավ հերոսի ծննդյան 21-րդ տարելիցի հետ։ Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Զոլաքարի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, Զոլաքարի թիվ 1 եւ թիվ 2 միջնակարգ դպրոցների տնօրեններ, աշակերտներ եւ ուսուցիչներ, ՀՀ ՊՆ կառույցների ներկայացուցիչներ, հերոսի ծնողները, հարազատները եւ մարտական ընկերները։
Հուշատախտակը տեղադրվել էր Հենրիկ Հարությունյանի շիրմաքարի հարեւանությամբ, նրան նվիրված հուշահամալիրի տարածքում։
Օրհնության կարգ կատարեցին Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվները՝ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը եւ Տեր Երեմիա քահանա Սարգսյանը։
«Մեր հերոս Հենրիկն անմահացել ու այժմ բնակվում է Աստծո լուսեղեն բարձունքներում՝ միանալով հայրենի հողի համար նահատակված ու սրբացած մյուս հերոսներին։ Մենք Վարդան Մամիկոնյանին չենք տեսել, սակայն նրա անունն ապրում է մեկուկես հազարամյակից ավելի, մենք մյուս սրբացած նահատակներին չենք տեսել, սակայն նրանց անունները հավերժացած են ապրողներիս սրտերում։ Ու այս սրբացած տղաների անունները նաեւ հզոր զենքեր պիտի լինեն մեր մտքերի մեջ։ Պատահական չէր, որ Գեւորգ Չաուշն իր հրացանի անունն Արաբո էր դրել՝ դրանով շարունակելով Արաբոյի սուրբ գործը։ Հենրիկի եւ իր նման սրբացած հերոսների գործը միշտ կլինի հավերժ ու անմահ»,-օրհության կարգի ավարտին խոսք հնչեցրեց Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը։
«Մեր հերոս Հենրիկը, կամ ինչպես նրան կոչում էին զորամասում, Կապի Հենոն, այսօր կդառնար 21 տարեկան, մեզ հետ կկիսեր կյանքի ակնթարթները, եթե թշնամին չխաթարեր մեր հայրենի երկրի անդորրը։ Նա հպարտությամբ էր կրում Հայկական բանակի զինվորի համազգեստը, ծառայում էր պարտքի գիտակցումով ու ամենայն պատասխանատվությամբ։ Նա դիրքի ավագն էր՝ կրտսեր սերժանտի կոչումով։ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Հենրիկն իր մարտական ընկերների հետ մաքառում էր Իշխանասարի դիրքերում։ Խիզախ հայորդին, ծանր մարտերի մեջ գտնվելով, փրկել է 15 վիրավոր ընկերների կյանք, իսկ վերջին վիրավորին մարտի դաշտից դուրս բերելիս զոհվել է թշնամու գնդակից։ Հենոն նաեւ իր ծառայության ողջ ընթացքում է աչքի ընկել, որոնց մասին վկայում են այսօր բացված հուշատախտակին պատկերված շքանշանները։ Մենք անհուն ցավ ենք ապրում, սակայն ոչ թե սգում ենք, այլ հպարտանում ու պարտավորվում՝ հզորացնել այն հայրենիքը, որի փրկության ու ազատության համար նահատակվեց մեր սիրելի Հենոն»,-ներկայացրեց Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցի զինղեկ Արգիշտի Եղիազարյանը։
Հենրիկի անցած մարտական ուղին ներկայացրին Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները՝ հանդես գալով նաեւ գրական-երաժշտական կատարումներով։
Խոնարհումի եւ երախտագիտության խոսքեր հնչեցրին Հենրիկի զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Սաշա Քոչոյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։
Հետմահու Հենրիկ Հարությունյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52