Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում սեղմ ժամկետում կկարգավորվեն առաջնահերթ լուծում պահանջող 3 հիմնախնդիրներ

15.12.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 75 միլիոն 095 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող երեք ծրագրերի համար։
10 միլիոն 587,5 հազար դրամ հատկացվել է Վարդենիսի բժշկական կենտրոնի ջեռուցման համակարգի անցկացման համար։ Ծրագրի իրականացման արդյունքում կենտրոնացված համակարգով կջեռուցվեն Վարդենիսի բժշկական կենտրոնի շենքի առաջին և երրորդ հարկերը, որտեղ գործում են ընդունարանը, մանկաբարձագինեկոլոգիական և վիրաբուժական բաժանմունքները։
Տեղադրվելու է բնական գազով աշխատող 4 կաթսա, 900 մարտկոց, կենտրոնացված ջեռուցմամբ ապահովվելու է շուրջ 900 քառակուսի մետր մակերես՝ բաժանմունքներում, հիվանդասենյակներում և միջանցքներում։
Բաժանմունքները նախկինում ջեռուցվում էին էլեկտրական սալիկներով։
27 միլիոն 837,3 հազար դրամ հատկացվում է Սևան համայնքի Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման համար։
Ծրագրի շրջանակներում դպրոցի երկու մասնաշենքերում տեղադրվում է բնական գազով աշխատող ջեռուցման 5 կաթսա, շուրջ 1900 մարտկոց , որով կենտրոնացված ջեռուցում կապահովվի միջանցքներում և բոլոր դասասենյակներում, շուրջ 2070 քառակուսի մետր մակերեսով։
Նախկինում Վարսերի դպրոցի ուսումնական հատվածում դասասենյակները ջեռուցվում էին գազի վառարաններով, իսկ միջանցքները չէին ջեռուցվում։
2023 թվականի նոյեմբեր ամսին գրանցված ուժեղ քամիների հետևանքով Գավառ քաղաքում քանդված բազմաբնակարան շենքերի տանիքների կառուցման կամ վերանորոգման նպատակով հատկացվել է 36 միլիոն 670,2 հազար դրամ։
Ծրագրի շրջանակներում ամբողջությամբ կառուցվում է Ազատություն-4 բազմաբնակարան շենքի քանդված տանիքը՝ 980 քառակուսի մետր մակերեսով։ Մասնակի վերանորոգման կենթարկվեն թվով 4 բազմաբնակարան շենքերի վնասված տանիքներ՝ շուրջ 550 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է վերոնշյալ բոլոր կառույցներում։
«Մեր կողմից նախօրոք պատվիրվել են նախագծերը, շինարարական աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են։ Տրվել է հանձնարարական՝ շինարարական աշխատանքները որակով ու սահմանված ժամկետներում իրականացնելու և ավարտի հասցնելու համար։ Երեք ծրագրերն էլ հրատապ ու կարևոր էին, ուստի ՀՀ կառավարությունն ընդունեց մեր խնդրանքը՝ տրամադրելով անհրաժեշտ գումարը»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52