Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ճամբարակցիներին նվիրած հուշահամալիրի եւ թիվ 1 հիմնական դպրոցի նորոկառույց շենքի շինհրապարակներ

04.12.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակ քաղաքում այցելեց Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիրի եւ թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքի շինհրապարակներ՝ շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ճամբարակցիներին նվիրված հուշահամալիրի կառուցման եւ «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 97,5 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Հուշահամալիրի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 68,5, միլիոն, «Տոռնադո»հուշարձան-քանդակի ձեռքբերման մրցույթի պայմանագրային արժեքը՝ 29 միլիոն դրամ։ Այն կառուցվում է ՀՀ կառավարության կողմից 2021 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Ծրագրով նախատեսված է հուշապատի կառուցում, տարածքի սալիկապատում, լուսավորության ցանցի անցկացում, ցայտաղբյուրների եւ նստարանների տեղադրում, տարածքի բարեկարգում։ Հուշապատի վրա պատկերվում է Ճամբարակ համայնքի վարչական քարտեզը, իսկ հուշահամալիրի տարածքում տեղադրվում «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակը։
Հուշահամալիրը զբաղեցնում է 1400 քառակուսի մետր մակերես։ 2023 թվականի նոյեմբերի վերջին օրվա դրությամբ հուշահամալիրի կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, իսկ «Տոռնադո» հուշարձան-քանդակի ձեռքբերման աշխատանքները կիրականացվեն 2024 թվականի ընթացքում։
Այնուհետև Կարեն Սարգսյանն այցելեց Ճամբարակ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքի շինհրապարակ, որտեղ շինարարական աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի գարնանից։
Դպրոցական նոր շենքը կառուցվում է հին շենքի տեղում՝ 450 աշակերտական տեղով։ Շինարարությունն իրականացվում է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով, 1 միլիարդ 870 միլիոն դրամ արժեքով։
Նորակառույց դպրոցը կունենա յոթ մասնաշենք եւ արդի չափորոշիչներին համապատասխան պայմաններ։ Ձեռք կբերվի նոր գույք։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 24 ամսվա ընթացքում։
2023 թվականի նոյեմբերի վերջին օրվա դրությամբ ամբողջությամբ քանդվել է դպրոցի հին շենքը, հեռացվել շինաղբը, կառուցվել հիմքերը, արդեն ընթանում են առաջին հարկի կառուցման աշխատանքները։
Աշխատանքային այցի ավարտին Կարեն Սարգսյանը Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի եւ համայնքապետարանի աշխատակիցների հետ քննարկեց համայնքային կյանքում առաջնահերթ լուծում պահանջող մի շարք հարցեր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11