Նորություններ
«Հակոբյան» երգի ու պարի ստուդիան իր 15-ամյա հոբելյանի առթիվ խրախուսվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով
29.11.2023
Նոյեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում անցկացվեց «Հակոբյան» երգի ու պարի ստուդիայի համերգային երեկոն, որին ներկա էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, մարզպետի աշխատակազմի, մարզի համայնքապետարանների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, հյուրեր, անհատ քաղաքացիներ։
Ծրագրի ընթացքում ժողովրդական և ազգային պարերով ներկաներին ողջունեցին «Հակոբյան» պարի ստուդիայի սաները։ Երաժշտական կատարումներով հանդես եկան սիրված երգիչներ Անդրանիկ Մանուկյանը, Գարիկ Կիրակոսյանը, Արմեն Մովսիսյանը, Վազգեն Մշեցին, Սիփան Հովհաննիսյանը։
«Հակոբյան» երգ ու պարի ստուդիան ձևավորվել է 2008 թվականին՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրում։ Ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է եղել պարուսույց Ռաֆիկ Հակոբյանը: Պարային խմբի հիման վրա նոր խմբեր են ստեղծվել նաև Մարտունի համայնքի այլ բնակավայրերում և գործում են մինչ օրս։ Այժմ համույթում ընդգրկված է ավելի քան 100 սան՝ Վերին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Երանոս, Վարդաձոր գյուղերից: Պարային ստուդիայի տնօրենն է Ռուզաննա Սարգսյանը, պարուսույցը՝Ռաֆիկ Հակոբյանի թոռնիկը՝ Սուսաննա Հակոբյանը:
Երեկոյի ավարտին շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ով 15-ամյա հոբելյանի և մարզի տարածքում ազգային երգ ու պարը տարածելու առթիվ «Հակոբյան» երգ ու պարի ստուդիային հանձնեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագիրը։ «Հակոբյան» երգ ու պարի ստուդիայի հայապահպան գործունեությանը մշտապես աջակցելու համար Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին շնորհվեց ստուդիայի մեդալ և շնորհակալագիր։
Ստուդիային գործունեությանը աջակցություն ցուցաբերելու նպատակով շնորհակալագրեր և մեդալներ հանձնվեցին նաև մի շարք անձանց և կազմակերպությունների։ «Հակոբյան» երգ ու պարի ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ռաֆիկ Հակոբյանը պարգևատրվեց «Մովսես Խորենացի» հուշամեդալով։