Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

28.11.2023

Նոյեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։
Մարզպետը նախ անդրադարձավ վերջին օրերին գրանցված քամիների պատճառած վնասներին և հանձնարարեց դրանց վերաբերյալ համայնքներից հավաքագրել ամբողջական տեղեկատվություն։
Այնուհետև քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում ապաստանած մեր հայրենակիցների կեցավայրերի, նրանց կարիքներն ու առաջնահերթ խնդիրները կարգավորելուն վերաբերող հարցեր։
Զեկուցվեց, որ այս պահի դրությամբ մարզի բուժհիմնարկներում աշխատանքի են տեղավորվել Լեռնային Ղարաբաղից մարզում վերաբնակություն հաստատած երեք բժիշկ և երկու բուժքույր, ևս 2 բուժքույր հաշվառվել են աշխատանքի տեղավորման նպատակով։
Հաշվառվել են նաև մարզի տարածքում վերաբնակեցված միայնակ տարեցները, մինչև 2 անձից կազմված ընտանիքները, խնամքի կարիք ունեցող անձինք, առաջնահերթ կենցաղային կարիքներ ունեցող ընտանիքները, դրանց աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Տեղեկատվություն ներկայացվեց մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, աղբահանության պայմանագրերի կնքման գործընթացի, խոշոր հարկատուների կողմից կուտակված պարտքերի մասով վարչական վարույթների կիրառման, մարզի տարածքում ավտոճանապարհների ձմեռային սպասարկման ընթացիկ վիճակի, մարզում կրթահամալիրների կառուցման գործընթացի կազմակերպական աշխատանքների և Ծովինար բնակավայրի բուժամբուլատորիայի շենքի վերանորոգման մեկնարկի վերաբերյալ։
Այնուհետև զեկուցվեց, որ մարզում հաշվառված 480 ապօրինի գովազդային վահանակներից 410-ն արդեն ապամոնտաժվել են, մնացած 70-ի մասով աշխատանքներն ընթացքի մեջ են։
Մարզպետը հանձնարարեց, որպեսզի մարզի համայնքապետարանների և սպասարկող անձնակազմերի հետ աշխատանք տանել՝ ավտոմայրուղիների հարակից և տեսանելի հատվածները մաքրելու և առկա աղբավայրերը փակելու, դրանց շրջակա տարածքները սանիտարական տեսքի բերելու համար, առաջարկել համայնքներին, որպեսզի համայնքների 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերը արտացոլված լինեն 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց նաև ստեղծել աշխատանքային խումբ, կազմել մարզի ԱԱՊԿ-ների խոշորացման ծրագիրը, ուսումնասիրելով դրանց շենքային պայմանները, տեխնիկական վիճակը և վերազինման անհրաժեշտությունը։
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ստացան նաև այլ հանձնարարականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52