Նորություններ
Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում ամփոփվեց «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի հերթական 4-րդ նախագիծը
20.11.2023
Նոյեմբերի 17-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամն ամփոփեց «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի հերթական 4-րդ նախագիծը, որն այս անգամ տեղի ունեցավ Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում՝ դպրոցի ակտիվ մասնակցության համար։
Դպրոցը հյուրընկալեց ՀՀ տարբեր մարզերի մասնակից դպրոցների 23 տնօրենների, մանկավարժների, ծնողների և սովորողների: Միջոցառման հանդիսավոր հյուրերի շարքում էին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿԳՄՍ վարչության ներկայացուցիչներ, Գեղարքունիք բնակավայրի վարչական անձնակազմը։
Սովորողները հանդես եկան մանրապատումով՝իրենց համայնքին բնորոշ բարբառով, երգով ու պարով, որը նույնպես արժևորում էր միասնությունը և համերաշխությունը:
«Իմ կյանքը համայնքում» ծրագիրը նպաստում է, որ սովորողները բացահայտեն, ճանաչեն և սիրեն հայրենիքը, հնարավորություններ է ստեղծում դպրոցների միջև փորձի փոխանակման, համագործակցային նոր ծրագրերի մշակման ու համատեղ իրակագործման համար։
Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է․ տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը, որը դպրոցներից յուրաքանչյուրն իրագործում է յուրովի, սակայն վերջնարդյունքը բոլորի մոտ նույնն է․ աշակերտների մոտ ձևավորվում է հարգանք սեփական անձի և այլոց հանդեպ՝ անկախ բնակության վայրից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից, աշակերտները արժևորում են սեփական ինքնությունը՝ ընտանիքի, համայնքի և պետության դերում:
Ծրագիրը հերթական անգամ ապացուցեց, որ ամեն տարի ավելի շատ թվով դպրոցներ են ցանկություն հայտնում մասնակցելու հայրենաճանաչման այս յուրօրինակ արշավին, ինչը թույլ է տալիս բացահայտել ու սիրել հայրենիքը, սիրել իր սարերով, քարերով, լեռներով, մշակույթով, բառ ու բանով, մարդկանցով։