Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

13.11.2023

Նոյեմբերի 13-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում նախ քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված և ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում ապաստանած ընտանիքներին վերաբերող մի շարք հարցեր։
Զեկուցվեց, որ Գեղարքունիքի մարզում նշված ընտանիքներից հաշվառված 5-18 տարեկան 917 երեխաներից 759-ը հաճախում են Գեղարքունիքի մարզային ենթակայության և 48-ը ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ, 391 նախադպրոցական տարիքի երեխաներից 62-ը հաճախում են մանկապարտեզներ, 16-ը՝ նախակրթարաններ։ Աշխատանքի են անցել 5 մանկավարժներ, ևս 4 անձ՝ դպրոցների սպասարկման ոլորտում։
Մեկական բժիշկ և բուժքույր աշխատանքի են անցել Գավառի և Սևանի բժշկական կենտրոններում։
Հաշվառվել են գյուղոլորտի 17 մասնագետներ, որոնց շրջանում, մարզպետի հանձնարարությամբ, աշխատանքներ են տարվելու, որպեսզի նրանք կարողանան օգտվել պետության կողմից իրականացվող գյուղաջակցության ծրագրերից։
Քննարկվեց նաև 2023 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը, որը կազմում է 92,3%:
Ընթացքի մեջ է աղբահանության պայմանագրերի կնքումը իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ:
Ընթանում են մարզի տարածքում ավտոճանապարհների աշնանային սպասարկման, մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների տեղային հատվածների վերանորոգման, ապօրինի տեղադրված գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքները:
Ավարտական փուլում են մարզային ենթակայության թվով 4 ուսումնական հաստատությունների շենքերի պետական գրանցման և վկայականների ձեռքբերման, վառարանային ջեռուցումից այլ տեսակի ջեռուցման անցնելու նպատակով որոշ դպրոցների և մարզադահլիճների ջեռուցման համակարգերի անցկացման փաստաթղթերի ձեռքբերման, համայնքներում գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր վարձակալած, սակայն ոչ նպատակային օգտագործող, համապատասխան անասնագլխաքանակ չունեցող և ներդրումային ծրագրեր չներկայացրած վարձակալների հետ կնքված վարձակալական պայմանագրերը համայնքների ղեկավարների կողմից սահմանված կարգով լուծելու հարցերը։
Ի թիվս այլ հանձնարարականների՝ մարզպետը հանձնարարեց նաև համայնքներից հավաքագրել և ներկայացնել տեղեկատվություն 2024 թվականին պետության աջակցությամբ մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ֆինանսական կանխատեսումների վերաբերյալ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52