Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը

04.11.2023

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը շնորհավորեց ներկաներին բժշկական կենտրոնի բացման առիթով և նշեց.
«Սա շատ կարևոր օր է մեզ համար ոչ միայն այն պատճառով, որ նորակառույց և լիարժեք հագեցած բժշկական կենտրոն ենք բացում Մարտունիում, այլև սրանով, ըստ էության, Հայաստանում առնվազն 50 բժշկական հաստատությունների շինարարության ավարտական, եզրափակիչ փուլի մեկնարկ ենք տալիս: Այս ծրագիրն ունի հստակ քաղաքական և առողջապահական նպատակ: Այդ նպատակն է՝ բժշկական ծառայությունները հնարավորինս մոտ տանել մարդուն, հնարավորինս մոտ տանել բուժառուին, որպեսզի դրանից օգտվելը լրացուցիչ բարդություններ չստեղծի:
Մեր քաղաքականությունն է՝ կանխել հիվանդության դեպքերը, վաղ ախտորոշում անել, և սա է պատճառը, որ մենք բժշկական կենտրոններին զուգահեռ Հայաստանում կառուցում, ստեղծում ենք բազմաթիվ նոր ամբուլատոր ծառայություններ։
Առաջիկայում կարդիականացվեն նաև մի շարք բժշկական կենտրոններ, պոլիկլինիկաներ, որոնց մի մասի նախագծերն արդեն ընթացքի մեջ են. որոշները գտնվում են նախագծման, որոշները՝ մրցութային, որոշները՝ շինարարության փուլում: Մասնավորապես Գեղարքունիքի մարզում առաջիկայում կկառուցվեն Վարդենիսի բժշկական կենտրոնը, Գավառի ԲԿ-ի պոլիկլինիկայի մասնաշենքը, Ծակքարի և Դպրաբակի ամբուլատորիաները։
Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ մարզերում, ներառյալ՝ Մարտունու բժշկական կենտրոնը, շուրջ 100 մլն դոլարի ներդրումներ են իրականացվում Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում: Եվ սա շատ կարևոր է, որովհետև մեր մոտեցումը շարունակում է մնալ նույնը՝ դպրոցից սկսած, մենք պետք է դաստիարակենք և ունենանք ուժեղ հանրություն մտքով, ուժեղ հանրություն՝ մարմնով, ուժեղ հանրություն՝ հոգեբանորեն: Եվ այս բոլոր երեք ուղղությունները որևէ կերպ առնչվում են առողջապահության հետ։
Անդրադառնալով ամբուլատորիայի առողջապահական անձնակազմի աշխատավարձերի բարձրացման մեխանիզմին, պետք է նշեմ, որ դրա շնորհիվ որոշ վայրերում արձանագրվել է ընդհուպ 170 տոկոսով աշխատավարձերի բարձրացում»։
Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի (շուրջ 4720 քմ) կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի հուլիսին: Կառուցվել է 1 ընդհանուր մասնաշենք՝ 6 բաժիններով: Արդիականացման աշխատանքներն ամբողջականացնելու նպատակով կենտրոնը հագեցվել է նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով։
Ծրագրի շրջանակում 2020թ․-ի հունվարին ստեղծվել են հեմոդիալիզի և արյան փոխներարկման ծառայությունները։ Ծրագրի իրականացման արդյունքում, 79 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ամբուլատոր ու ստացիոնար ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով, կսպասարկի մարզի բնակչությանը տեղում՝ իրենց բնակավայրերին մոտ։ Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում ներդրվել է շուրջ 3,3 մլրդ դրամ։
Բացման հանդիսավոր արարողության ընթացքում ներկաներին ողջունեց և շնորհավորեց նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Արդի չափորոշիչներին համապատասխան ու բազմաֆունկցիոնալ այս բժշկական կենտրոնը լիարժեք կբավարարի ավելի քան 100 հազար բնակչության բուժսպասարկման կարիքները։ Շինարարությունն իրականացվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում, ՀՀ ԱՆ «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից։
Ուզում եմ շեշտել նաեւ, որ Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի շահագործումը Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգում վերջին տարիների մեր միակ ձեռքբերումը չէ։ Կառավարության կողմից տրամադրված միջոցներով, 244 միլոն 892 հազար դրամի ներդրմամբ, հիմնանորոգվել են Սեւանի ԲԿ մասնաշենքի, Վարդենիսի պոլիկլինիկայի շենքի տանիքները, տեխնիկապես վերազինվել են Մարտունու ծննդատունը, Մարտունու, Վարդենիսի, Գավառի եւ Սեւանի բժշկական կենտրոնները, Ճամբարակի առողջության կենտրոնը, մարզի բնակավայրերի բուժամբուլատորիաները կամ առողջության առաջնային պահպանման կենտրոնները։
«Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցներով արդեն սկսվել եւ ընթանում է Լճափի ԱԱՊԿ նոր շենքի շինարարությունը։ Տեխնիկական վերազինումների արդյունքում մարզի բուժհիմնարկներում ներդրվել են նոր ծառայություններ, էապես բարելավվել է բուժսպասարկման որակը, նկատելիորեն կրճատվել առողջական խնդիրներ ունեցող մարդկանց հոսքը դեպի մայրաքաղաքի բուժհաստատություններ։
Առողջապահական կարեւոր ծրագրեր ենք իրականացրել նաեւ ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության հետ հաստատված համագործակցության շրջանակներում։ Իսկ առջեւում կառավարության կողմից հաստատված նոր ծրագրերն են, որոնց իրականացմամբ նոր որակ ու առաջընթաց կունենա Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգը։
Իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ կառավարությանը՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Երախտագիտություն եմ հայտնում նաեւ ՀՀ ՏԿԵ եւ առողջապահության նախարարություններին, ՀՀ ԱՆ «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկին, Համաշխարհային բանկին, որոնց հետեւողական ու համագործակցված աշխատանքի շնորհիվ Մարտունու նորակառույց ու բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնն իր դռները բացեց բուժանձնակազմի ու մեր քաղաքացիների առջեւ»,- նշեց Կարեն Սարգսյանը։
Օրվա առթիվ ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը։
Բացման արարողությունից հետո մասնակիցները շրջեցին նորակառույց բժշկական կենտրոնում, ծանոթացան առկա պայմաններին և ստեղծված հնարավորություններին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52