Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով խրախուսվեցին ժաննա և Լևոն Բլբուլյանները

30.10.2023

Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի նախաձեռնությամբ և Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի աջակցությամբ հոկտեմբերի 30-ին թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Սպասված հանդիպում» խորագիրը կրող գրական- երաժշտական ցերեկույթը, որը նվիրված էր ծնունդով Գավառեցի դերասանուհի, երգահան Ժաննա Բլբուլյանին և նրա եղբորը՝ հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանին։
Ժաննա Բլբուլյանը հեղինակել է բազմաթիվ երգերի, երաժշտական մանրանվագների, էտյուդների, վալսերի, տանգոների, որոնք կատարվել են Հայաստանում և արտերկրում։ Նրա ստեղծագործությունների զգալի մասը ձայնագրվել է Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կողմից և տեղ գտել ռադիոյի ձայնադարանային ֆոնդում։ Երաժիշտն այժմ էլ բնակվում և ստեղծագործում էՓարիզում, համագործակցելով տեղի ճանաչված արվեստագետների հետ։
Լևոն Բլբուլյանը հեղինակ է 10-ից ավելի բանաստեղծական, թարգմանական, երգիծական գրքերի, բազմաթիվ հոդվածների, հարյուրավոր երգերի տեքստերի, Հայաստանի Գրողների միություն անդամ է, պոեզիայի բաժանմունքի համանախագահը։
Գավառում կազմակերպված ցերեկույթի նպատակն էր մեծարել Բլբուլյաններին, յուրովի ներկայացնել նրանց արվեստն ու գրականությունը, բացահայտել, ճանաչել և գնահատել նրանց ստեղծագործական կարողությունները և դրանք ճանաչելի դարձնել ավելի երիտասարդ սերունդներին։
Ցերեկույթի ընթացքում տեղի շնորհալի երիտասարդները հնչեցրին Ժաննա և Լևոն Բլբուլյանների գրական և երաժշտական ստեղծագործությունները։
Բլբուլյաններին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, որում մասնավորապես ասվում է․
«Լևոն և Ժաննա Բլբուլյաններն անուրանալի ավանդ ունեն գրականության, երգարվեստի ու թատերական արվեստի ոլորտում՝ իրենց ստեղծագործություններով հարստացնելով հայ մշակույթը:
Տասնամյակների ընթացքում իրենց նվիրումով, տքնաջան աշխատանքով, անուրանալի տաղանդով ու ստեղծագործական ձիրքերով քույր ու եղբայր կարողացան արժանի տեղ գրավել հայտնի գրողների ու արվեստագետների շարքերում, թողնել մնայուն հոգեւոր ժառանգություն։ Նրանց ստեղծագործությունները գեղարվեստական ներշնչանքով պատկերում են մեր ժողովրդի անցած բարդ, ողբերգական ու հերոսական ճանապարհը, կերպավորում հողի աշխատավորին, մտավորականին, հայրենյաց պաշտպաններին, հայրենի կորսված եզերքին ու խաղաղ կյանքին կարոտ հայ մարդուն, սերունդներին ոգեշնչում մարդասիրական, հայրենասիրական գաղափարներով, աշխատասիրությամբ, հոգևոր արժեքների նկատմամբ ջերմ սիրով։
Անտարակույս, Լևոն Բլբուլյանը մեծարանքի է արժանի իր բանաստեղծական, թարգմանական, երգիծական բազմաթիվ գրքերով ու հրապարակախոսական հոդվածներով, լրագրական գործունեությամբ, Ժաննա Բլբուլյանը՝ երաժշտական ստեղծագործություններով, կերտած թատերական դերերով, մանկավարժական գործուներությամբ։
Այսօր էլ նրանք շարունակում են ստեղծագործել նույն սիրով ու նվիրումով, երիտարդական ավյունով՝ արձագանքելով աշխարհում ու մեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին, բարձր պահելով մտավորականի պատիվն ու անունը։
Մենք հպարտ ենք նաև, որ Լևոն և Ժաննա Բլբուլյաններն ապրած կյանքով, կերտած արժեքներով միշտ բարձր են պահել իրենց ծննդավայրի՝ Գեղամա աշխարհի պատիվն ու անունը։
Միանալով Լևոն և Ժաննա Բլբուլյաններին մեծարողների բանակին՝ նրանց մաղթում եմ քաջառողջություն, ամենայն բարիք, ստեղծագործական անսպառ եռանդ ու նորանոր հաջողություններ։
Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան»:

Հայ գրականության, հայ երգարվեստի և թատերարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար Լևոն և Ժաննա Բլբուլյանները արժանացան ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52